Աշխարհ

«Մարդկությունը փորում է իր գերեզմանը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

«Մարդկությունը փորում է իր գերեզմանը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոսել է կլիմայի փոփոխության մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ «մարդկությունը փորում է իր գերեզմանը»՝ անտեսելով կլիմայի հարցերը, և  դա կհանգեցնի աղետի, հաղորդում է CNN-ը:

«Մենք կանգնած ենք խիստ ընտրության առջև. կամ մենք կկանգնեցնենք այդ գործընթացը, կամ այն մեզ կկանգնեցնի։ Ժամանակն է ասել՝ բավական է։

Հերիք է ծաղրել կենսաբազմազանությունը, բավական է սպանել մեզ ածխածնով, բավական է բնությանը վերաբերվել որպես աղբահորի, բավական է այրել, փորել և հորատել, չէ որ, մենք փորում ենք մեր սեփական գերեզմանները», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գլազգոյում կլիմայի փոփոխության հարցերով խորհրդաժողովում:

կլիմայի փոփոխություն

Գուտերեշը նշել է, որ վերջին վեց տարիները ամենաշոգն են դարձել դիտարկումների պատմության մեջ։ Հիմնական կլիմայական խնդիրների թվում են ծովի մակարդակի արագ բարձրացումը, օվկիանոսների ջերմաստիճանի բարձրացումը, ջերմոցային գազերի քանակի ավելացումը:

«Աշխարհը շարժվում է ջերմաստիճանի աղետալի բարձրացման՝ ըստ Ցելսիուսի 2,7 աստիճանով։ Մենք շտապում ենք կլիմայական աղետի։ Նույնիսկ օպտիմալ սցենարի դեպքում ջերմաստիճանը կբարձրանա Ցելսիուսի ավելի քան 2 աստիճանով»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Նա միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել կլիմայի անդառնալի փոփոխությունները կանխելու համար։

Կիսվել նյութով