Երևանում խուլիգանություն կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Վարդենիսի զինկոմի տանը
Երևանում խուլիգանություն կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Վարդենիսի զինկոմի տանը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հարուցված քրեական գործի շրջանակում թույտվություն տա՝ խուզարկություն կատարվի Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 25-ամյա Հարություն Հարությունյանի առանձնատանն ու դրան կից օժանդակ շինություններում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և քննիչները ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողների հետ մեկնել են Գեղարքունիքի մարզի Ակուք գյուղ և ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ կատարել են խուզարկություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խուզարկությամբ ննջասենյակից հայտնաբերվել է 223 հատ 7,62 տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ, 19 հատ 7,62 տրամաչափի «էէէ» գրառմամբ ինքնաձիգի փամփուշտ, 21 հատ 9 մմ տրամաչափի ատրճանակի փամփուշտ, 1 հատ 14.5 տրամաչափի փամփուշտ, 34 հատ 12 տրամաչափի որսորդական հրացանի համար նախատեսված դատարկ պարկուճ, 1 հատ 7,62 տրամաչափի «ՏՏ» ատրճանակի փամփուշտ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ընթացքում Հ. Հարությունյանի հայրը՝ 53-ամյա Կամսար Հարությունյանը, կամավոր ներկայացրել է 32/32*10 գրառմամբ առանց փաստաթղթի ողորկափող հրացան, հայտնելով, որ այն բերել է 1991-1994թթ. պատերազմի ժամանակ Արցախի տարածքից, որից հետո ներկայացրել է նաև 1 հատ 30 սմ ընդհանուր և 18.5սմ շեղբի երկարությամբ մետաղյա կոթով, սև գույնի պատյանով դանակ:
Տան տանիքից հայտնաբերվել է 941562 գործարանային համարով, 27.5 սմ ընդհանուր և 14.5 սմ շեղբի երկարությամբ դանակ:
Ըստ Կ. Հարությունյանի բանավոր հայտարարության հայտնաբերված բոլոր փամփուշտները ինքը բերել է 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի տարածքից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Հարությունյանը Վարդենիսի զինվորական կոմիսարն է, իսկ հայտնաբերվածը քննիչը առգրավել է և նշանակել է մի շարք փորձաքննություններ: