Մամուլ

Ով է փոխարինել գեներալ Մուրադովին. «Հրապարակ»

Ով է փոխարինել գեներալ Մուրադովին

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարին՝ Մուրադովին, արդեն փոխարինող կա․ հաջորդ 6 ամիսն Արցախում ծառայությունը կշարունակի ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը։

Նա այսօր կժամանի Ստեփանակերտ, 2 շաբաթվա ընթացքում գործերի ընդունում-հանձնում տեղի կունենա։ Ավդեեւն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է 1967-ին, Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է:

Պարգեւատրվել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 3-րդ եւ 4-րդ աստիճանի, Ժուկովի, «Զինվորական վաստակի համար», «Բարեկամության» շքանշաններով, Սուվորովի մեդալով եւ ՌԴ այլ գերատեսչական պարգեւներով։ Ռուստամ Մուրադովն էլ է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը։ Մուրադովի ջանքերի շնորհիվ հայրենիք վերադարձան Ադրբեջանում գերեվարված 67 ռազմագերիներ։

Մուրադով

Մենք գրել էինք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նամակ է ուղարկել Ռուսաստանի իշխանություններին՝ Մուրադովի հասցեին բացասական գնահատականներով եւ հորդորով, որ Արցախում ծառայությունը չերկարաձգեն, չնայած փոխվարչապետի մամուլի խոսնակը հերքեց այդ տեղեկությունը։

Նշենք նաեւ, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։ Եթե կողմերը առարկություններ չունեն, ապա կարող է երկարաձգվել զորախմբի հրամանատարի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մուրադովը «Հրապարակի» հարցին ի պատասխան ասել էր, որ Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, դրանից հետո, հավանաբար, ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որ նրան փոխեն։ Մենք փորձեցինք Մուրադովի փոփոխության մասին տեղեկությունը ճշտել Արցախի նախագահի մամուլի խոսնակից, սակայն նա ասաց, որ տեղյակ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել