6 և ավելի երեխա ունեցող ընտանիքները կստանան աջակցություն՝ տուն գնելու համար
2027 թվականի մարտից Հայաստանի կառավարությունը նախատեսում է ամբողջությամբ՝ 100 տոկոսով, սուբսիդավորել բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը։
Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստի ընթացքում հայտնել է նախարարի խորհրդական Գայանե Կարագյոզյանը։
100 տոկոսանոց սուբսիդավորման ծրագրից կկարողանան օգտվել 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքները՝ Հանրապետության ցանկացած բնակավայրում, բացառությամբ Երևանի, բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու նպատակով։
Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները ՀՀ քաղաքացիներ են, իսկ ընտանիքի տարեկան ընդհանուր եկամուտը չի գերազանցում 10 մլն դրամը։
Եկամուտների վերաբերյալ տվյալները կստուգվեն հարկային հայտարարագրերի միջոցով։
Բացի այդ, ընտանիքը չպետք է ունենա 50 մլն դրամը գերազանցող ընդհանուր արժեքով անշարժ գույք՝ 50 տոկոս և ավելի սեփականության բաժնով։
Տրամադրվող աջակցության չափը կախված կլինի ընտանիքում երեխաների թվից։ Յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար նախատեսվում է տրամադրել 4 մլն դրամ։
Եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում գյուղական բնակավայրում, ապա ընդհանուր աջակցությանը կավելացվի ևս 4 մլն դրամ։



