Աշխարհ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, որոնք հնչել են France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Ըստ Ալիևի՝ Ֆրանսիայի կառավարությունը ջնջել է Բաքվի նկատմամբ Փարիզի բարեկամական և հավասարակշռված վերաբերմունքի պատմությունը։

Ի պատասխան հնչած այս կարծիքի, Ֆրանսիայի ԱԳՆ-ն գրել է․

«Ալիևի այս դիտարկումները ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի լիարժեք աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ Նախագահի հանձնառության շնորհիվ է, որ հնարավոր եղավ անցկացնել հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովի շրջանակներում Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ կազմակերպված քառակողմ հանդիպումը։

Այս հանդիպումը հնարավորություն ընձեռեց առաջընթաց գրանցել, ինչն արտացոլված է այս առիթով ընդունված հռչակագրում։ Ֆրանսիան նաև լիովին աջակցում է ԵՄ-ի հետ նախաձեռնված գործընթացին՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներ հրահրելու, «Ադրբեջանի խաղը խաղալու» համար:

Ադրբեջանը կտրականապես դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը Բաքվին մեղադրել է Հայաստանի դեմ ագրեսիայի համար և հայտարարել, որ զինադադար հաստատելու գործընթացում «Ռուսաստանը խաղացել է ադրբեջանական խաղը»։

Կիսվել նյութով