Շոու-բիզնես

Քոլեջը մեր «դուքյանը» չէ. Մհերը և Վրեժ Կիրակոսյանը մեկնաբանել են Էմմիի հայտարարությունները

«Ժողովուրդը» գրել է․ Քոլեջը մեր «դուքյանը» չէ. Մհերը և Վրեժ Կիրակոսյանը մեկնաբանել են Էմմիի հայտարարությունները:

Օրեր առաջ օնլայն տիրույթում հայտնվեց «Tete A Tete»-ի հերթական հաղորդումը: Մհեր Բաղդասարյանի հյուրն այս անգամ ամերիկաբնակ երգչուհի Էմմին էր: Նրանք անդրադարձան մի շարք թեմաների, այդ թվում՝ Երեւանի մշակույթի պետական քոլեջում տիրող վիճակին, Էմմիի ու քոլեջի ներկայիս ղեկավարության հարաբերություններին եւ այլն: Էմմին հաղորդման ընթացքում նշեց, որ քոլեջն այսօր ոչ մի կապ չունի իր մոր՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի անվան հետ:

«Քոլեջը հիմնել է մայրս, ժամանակին այդ շենքում եղել է լրիվ այլ ուսումնական կենտրոն: Երբ մորս նշանակեցին տնօրեն, այդ քոլեջը սկսեց ապրել, շնչել, այսօր մամայիս կապերով տնօրինությունը երեխաներին տանում է միջազգային մրցույթների… Բայց ի՞նչ կապ ունի այն մարդը, որի անունով ուզում են անվանափոխել քոլեջը:

Դա չի նշանակում, որ ես ուզում եմ՝ մամայիս անունով լինի քոլեջը, ուղղակի ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Իմիջիայլոց, կխնդրեմ, որ բոլորն ուշադրություն դարձնեն՝ այդ քոլեջում ոչ մի բան կապ չունի Նադեժդա Սարգսյանի հետ: Քոլեջի տնօրենը մարդ է, ում նշանակել է մայրս, Մհերին էլ մամաս է այնտեղ բերել»-ասաց երգչուհին:

Նշենք, որ Երեւանի մշակույթի պետական քոլեջն անվանվելու է երգիչ Շառլ Ազնավուրի անունով: «Ժողովուրդ» օրաթերթը Էմմիի ուշագրավ հայտարարությունների շուրջ մեկնաբանություն է խնդրել երգիչ Մհերից, որը քոլեջի կառավարման խորհրդի նախագահ է, դասախոս, եւ երգիչ Վրեժ Կիրակոսյանից, որը քոլեջի տնօրենն է:

«Նադեժդա Սարգսյանը հրավիրել է ինձ աշխատել քոլեջում որպես դասախոս, տարիներ առաջ, երբ Էմմին մեկնում էր Միացյալ Նահանգներ: Այդ հաստիքն ազատ էր, եւ Նադեժդա Սարգսյանը ինձ հրավիրեց աշխատելու, բայց մենք Նադյայի հետ ծանոթ էինք դեռ 1990-ականներից: Շատ մտերիմ էինք, տարբեր հարցերում եղել եմ իր կողքին: Մենք շարունակում ենք այն գործը, որը սովորել ենք Նադյայից, եւ մենք ոչ ոքի հետ խնդիրներ բացարձակ չունենք:Անվանակոչում ենք քոլեջը, պետությունը մեզ աջակցում է, Ազնավուրի ընտանիքը նույնպես աջակցություն է ներկայացրել, որպեսզի ծաղկեցնենք քոլեջը մեր եւ մեր երեխաների համար:

Կներեք, քոլեջը մեր «դուքյանը» չի. ո՛չ իմը, ո՛չ էլ Վրեժինը: Դա պետական կառույց է: Այս ուսումնական հաստատությունը 90 տարեկան է, պարզապես ժամանակի ընթացքում փոխել է պրոֆիլը: Նադեժդա Սարգսյանի օրոք այս օջախը կենտրոնացել է մշակույթի ոլորտի վրա: Այո, Նադյան ունի մեծ ավանդ, եւ մենք նրա անունով կոչել ենք մեր ամբիոնը. սրա մասին որեւէ տեղ չի շեշտվում: Քոլեջում Նադյայի նկարի մոտ լույս ենք դրել, հիշում ենք նրա ծննդյան, մահվան օրերը, հիշում ենք նրա մասին գուցե ավելի հաճախ, քան իր բարեկամները կարող են հիշել: Նա հիմա երկնքից ուրախանում է, որ մենք իր գործը շարունակում ենք»,-պարզաբանեց Մհերը:

Խոսելով Մհերի մասին՝ Էմմին հաղորդման ժամանակ այսպիսի արտահայտություն էր արել. «Մհերն էլ այն մարդկանց ցուցակում է, որոնք մեկ-մեկ պետք է զանգեին ինձ…»:

Մհերին հարցրինք՝ ինչ հարաբերություններ ունի նա Էմմիի հետ. «Մենք վաղուց չենք տեսնվել, որովհետեւ չի եղել այդպիսի առիթ կամ պատճառ»: Իսկ ճշտող հարցին՝ արդյոք բարեւում են միմյանց, երգիչը պատասխանեց. «Եկեք անցնենք այդ հարցը»:

Իսկ Վրեժ Կիրակոսյանը, անդրադառնալով Էմմի հայտարարություններին, ավելի հակիրճ պատասխան տվեց. «Ես ծանոթ չեմ իր հայտարարություններին, տեղյակ չեմ՝ ինչի մասին է նա խոսել, եւ եթե Էմմին ինչ-որ բան ունի ասելու, կարծում եմ՝ հայտարարությունների միջոցով չպետք է դա անի, այլ անձամբ ինձ կարող է դա ասել»,-եզրափակեց Վրեժը:

Աղբուր՝ armlur.am

Share