Մամուլ

Քանաքեռցի Տույի և այլ անձանց սպանության գործով հետախուզվող է հայտնաբերվել

Քանաքեռցի Տույի և այլ անձանց սպանության գործով հետախուզվող է հայտնաբերվել

Մայիսի 18-ին, կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի գործընկերների հետ իրականացրած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են քրեական օրենսգրքի սպանության և ապօրինի կերպով զենք կրելու մեղադրանքներով 2021 թվականից հետախուզվող 29-ամյա մի երևանցու։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 02.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր էին ստացվել, որ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։

Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել էին։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել էին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։

Իրավապահները հիշյալ տան բակում հայտնաբերել էին՝ 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ։

Տան բակում էին նաև 43-ամյա Արթուր Ղազարյանի և 37-ամյա Արայիկ Խաչատրյանի դիերը։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Հայտնաբերված հետախուզվողը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել էջում