Մամուլ

Փողոցում վաճառվող ձուկը գնել և օգտագործել չի կարելի առհասարակ․ ՍԱՏՄ

Փողոցում վաճառվող ձուկը գնել և օգտագործել չի կարելի առհասարակ․ ՍԱՏՄ

Sputnik Արմենիան գրում է․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծը սատկած ձկների վաճառքի հետ կապված ահազանգեր չի ստացել։ 

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը` անդրադառնալով անկած ձկների վաճառքի վերաբերյալ «ահազանգերին»։

Սոցցանցերում որոշ օգտատերեր գրել են, որ այս տարի փողոցներում վաճառել են նաև սատկած ձկներ։

Վերջերս ՍԱՏՄ–ն ստուգումներ էր արել ձկնաբուծարաններում, և տնտեսվարողներից մեկը հայտնել էր, որ մոտ 60 տոննա անկած ձուկ է թաղել։

«Տարօրինակ է, որ մեր թեժ գծին անկած ձկներ վաճառելու հարցով ահազանգ չենք ստացել, քանի որ հիմնականում նման թեմաներով մեզ զանգում են։

Սակայն մենք ահազանգ ենք համարում նաև սոցցանցերում արված գրառումները, արձագանքում ենք դրանց և պատասխանում մեկնաբանություններում, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն։

Մենք տեղեկացնում ենք, որ փողոցում վաճառվող ձուկը գնել և օգտագործել չի կարելի առհասարակ. այն վտանգավոր է` անկախ ամեն ինչից»,–ասաց Հարությունյանը։

Միաժամանակ նա նշեց, որ փողոցային առևտուրն իրենց գործառույթների շրջանակում չէ. միայն իրավաբանական անձանց հետ գործ ունեն։

Հարությունյանը հայտնեց նաև, որ մի տնտեսությունում ձկների հիվանդություն էին հայտնաբերել, որոնք, սակայն, մարդու համար վտանգավոր չեն։

ՍԱՏՄ–ն այս պահին մի քանի տնտեսություններում ստուգումներ է իրականացնում հասկանալու համար, թե արդյոք դրանցում էլ կան խնդիրներ, թե ոչ։ Սակայն ձուկը, ըստ Հարությունյանի, չունի այնպիսի հիվանդություն, որը մարդու համար վտանգավոր է։

Share