Շոու-բիզնեսՔաղաքականություն

«Փաշինյանը շատ թիկունքից խփողներ ունեցավ, այ հողերս գլխներիդ»․ Լուսինե Կիրակոսյան

«Փաշինյանը շատ թիկունքից խփողներ ունեցավ, այ հողերս գլխներիդ»․ Լուսինե Կիրակոսյան։

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Արտավազդ» մրցանակակիր Լուսինե Կիրակոսյանն է:

Հեռուստադիտողը նրան գիտի «Ձիավորը, ում սպասում էին», «Ավտոբուս», «Լաբիրինթ», «Մեր բակը», «Մեծ քաղաքի փոքր պատմությունը», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերից, «Սեր եւ ծիծաղ», «Ավտոբուս», «Քո վերջին հանգրվանը», «Շոկոլադ ուտող զինվորը», «Թաղի զավակը», «Հալածված առաքյալը» ներկայացումներից:

Դե իսկ «Վերվարածները» հեռուստասերիալում նրա մարմնավորած կերպարը մինչեւ հիմա թարմ է մարդկանց հիշողություններում:

-Տիկի՛ն Լուսինե, «Անուղղելիները» հեռուստասերիալից հետո Ձեզ էկրաններին չենք տեսնում, ինչու՞: Այնպիսի տպավորություն է, որ պարապուրդի մեջ եք:

-Պետք է Ձեզ հետ անկեղծ լինեմ. շատ անտեսված եմ ինձ զգում: Թատրոնում դեր չունեմ, ոչ մի տեղից հրավեր չունեմ: Ինչքան միջակություն կա, ասպարեզը գրավել է՝ էլ լեզվի արատ ունեցողներ, շուրթերը լցրած միանման դեմքեր…

Հիմա նկարահանվում են «մեկանգամյա օգտագործման» ֆիլմեր. ու՞մ են դրանք պետք: Օրական յոթ ֆիլմ են նկարում: Այսօր Հայաստանում բոլորը ռեժիսոր ու դերասան են դարձել: Այդքան աշխատել եմ, եկել է ժամանակը, որ ինձ գնահատված զգամ, բայց պարզվում է՝ չեն գնահատում…

Եթե ես դռներ ծեծելու բնավորություն ունենայի, շատ բանի հասած կլինեի, բայց չեմ սիրում որեւէ բան խնդրել. թող իրենք ինձ խնդրեն: Մի՞թե ինձ չեն հիշում: Ամեն ռեժիսոր իր մտերիմներն ու սիրելիներն ունի:

Մարդիկ չեն սիրում իմ նմաններին, ես էլ Փաշինյանի պես ճիշտը ճակատին ասող եմ: Մարդիկ սիրում են իրենց քծնողներին:

-Ձեր հումորի զգացումը չի՞ փրկել Ձեզ խնդիրներից:

-Հա, շատ է օգնել. մինչեւ հիմա որ ապրում եմ, նաեւ հումորի շնորհիվ է:

-Ձեզ հարազատ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում է՛լ չե՞ք խաղում:

-Մի քանի տարի առաջ մեր թատրոնում խաղում էի «Ցիանակալիում … Կաթով կամ առանց կաթի» ներկայացման մեջ: Վեներանդայի դերակատարման համար արժանացա «Արտավազդ» մրցանակի՝ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար:

Տարիներ առաջ ես Ղափլանյանին խոստացել եմ, որ ուրիշ թատրոն չեմ գնա: Եվ չնայած Վարդան Աճեմյանն ինձ իր կուրս էր վերցրել Սունդուկյան թատրոն տանելու համար, ես կատարեցի խոստումս:

Միասեր եմ, չեմ կարող լքել իմ թատրոնը: Ուղղակի վատ է, որ հիմա այնտեղ զբաղվածություն չունեմ. ոչինչ չեն անում, որ ես այնտեղ խաղամ:

-Նշեցիք, որ Փաշինյանի պես ամեն բան երեսին ասող եք, հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիք ունեք ներկայիս իշխանության գործելաոճի մասին: Թավշյա հեղափոխությունից հետո Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել:

-Շատ բան է փոխվել, մեր երկիրը կամաց-կամաց դեպի լավն է գնում, մաքրվում է: Նախկին տականքները «մեյդան են» ընկել, ավել-պակաս խոսում են խուլիգան լկտիները…

Նիկոլ Փաշինյանին շատ եմ հավանում, նա քայլող հանրագիտարան է: Էլ բան չունեն ասելու, Փաշինյանի որոշ քննադատներ ասում են՝ անգլերեն ակցենտով է խոսում… Այ, հողերս գլխներիդ…Դուք անգլերեն երկու բառ խոսեք, հետո նման բան ասեք, արդեն չգիտեն՝ ինչից կախվեն…

Էդ ջահել տղան երկու տարում սպիտակեց… Հպարտանում եմ մեր վարչապետով, բայց նաեւ վատ եմ զգում, որ նման բարդ իրավիճակում է հայտնվել: Շատ թիկունքից խփողներ ունեցավ… Փաշինյանը իջնում է ժողովրդի մեջ, բոլորի քթով-մռթով է շարժվում:

Նախորդ իշխանության օրոք ո՞վ կարող էր այսքան քննադատել երկրի ղեկավարությանը: Ներկայիս իշխանության մեջ էլ տարբեր տեսակի մարդիկ կան: Ոմանք սկզբում սրտացավ են երեւում, հետո պարզվում է՝ այդպիսին չեն:

Փաշինյանին հիմա օդ ու ջրի պես հավատարիմ մարդիկ են պետք: Աստված տա՝ այդպիսիք շատ լինեն:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով