Ազատ խոսք

Տրանսգենդեր մարզիկի մասին ֆիլմ են նկարահանում, իսկ տղամարդկային ընդգծված հատկանիշներով մարզիկին փորձում են թիրախավորել

Տրանսգենդեր մարզիկի մասին ֆիլմ են նկարահանում, իսկ տղամարդկային ընդգծված հատկանիշներով մարզիկին փորձում են թիրախավորել

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Անկախ` քաղաքական զարգացումների սրության աստիճանից, անկախ` մարդկանց անձնական դիրքորոշման կտրուկ բնույթից, պատիվ և արժանապատվություն ունեցող հասարակությունն իրավունք չունի քարկոծել իր արժանավորներին:

Սրիկայության գագաթնակետն է` քարկոծել կամ անվանարկել նրանց, ովքեր բարձր են պահել Հայաստանի Հանրապետության եռագույնը միջազգային և համաշխարհային հարթակներում:

Ըմբշամարտի աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սպորտային ֆենոմեն է: Հենց նրա շնորհիվ մենք քսան տարի ընդմիջումից հետո ունեցանք Օլիմպիական չեմպիոն:

Արթուրի նման մարզիկները պետական և հասարակական գնահատանքի են արժանանում բոլոր քաղաքակիրթ պետություններում, իսկ մեզ մոտ պատկերը դարձյալ ծուռ հայելու էֆեկտ է տալիս` չեմպիոնին ներքաշելով ներքաղաքական ինտրիգների մեջ:

Քաղաքական կամ ընկերական շփումների պատճառով մարդուն «իզգոյ» դարձնելը ոչ միայն բարոյազրկություն է, այլև հակասում է հայի ազգային կերպարին ու խառնվածքին:

Մեր հայկական մենթալիտետին հարիր չէ, որ տրանսգենդեր մարզիկի մասին պետական միջոցներով ֆիլմ են նկարահանում, իսկ տղամարդկային ընդգծված հատկանիշներով մարզիկին փորձում են թիրախավորել: Սա աբսուրդ է, երբ տրամաչափ չունեցողները իրենցից բարձր գտնվողներին ուզում են ցածրացնել, սա մի նողկալի երևույթ է, որը պատիվ չի բերում մեր ազգին:

Խստորեն դատապարտում եմ Արթուրի դեմ իրականացվող սև քարոզչությունը, կոչ եմ անում սթափվել և տեր կանգնել հայեցի, տղամարդկային, ավանդական արժեքներին, հայի պատվին ու արժանապատվությանը»:

Կիսվել նյութով