Մամուլ

Մի՛ լացեք, կարող են զարթնել․․․ Մաման ձեր ցավը տանի, հրեշտակներս․ սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց

Մի՛ լացեք, կարող են զարթնել․․․ Մաման ձեր ցավը տանի, հրեշտակներս․ սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց

Sputnik Արմենիան գրում է․ Հոր կողմից երկու մանկահասակ երեխաների սպանությունը ցնցեց Հայաստանը և հերթական անգամ մարդկայնության թեստ դարձավ հանրության համար։ Այսօր հարազատներն ու մտերիմները հողին հանձնեցին երկու անմեղ երեխաների։ Նրանց մայրը պետք է ապրի այդ վշտի հետ, իսկ մենք` հետևություններ անենք։

Դիակառքը սգո սրահի մոտ է։ Կապույտ կոստյումներով ու սև դիմակներով տղամարդիկ դուրս են բերում երկու փոքրիկ սպիտակ դագաղ։ Մուտքի մոտ կանգնած մարդիկ քարացել են։

Սրահի բակում արդեն մի քանի պսակ կա։ Նորերն են բերում՝ ձյունաճերմակ։ «Հանգիստ ննջեք, հրեշտակներ»,-գրված է դրանցից մեկի ժապավենին։

Սգո սրահի մուտքի երկու կողմում դագաղների կափարիչներն են։ Սիրտս սեղմվում է, բայց ոտքերս առաջ են տանում։ 8-ամյա Լեոն և 5-ամյա Մանանն ասես քնած լինեն։ Երկուսի դեմքն էլ խաղաղ է։ Երկուսի ձեռքերում էլ իրենց սիրելի խաղալիքներն են՝ Լեոյի արջուկը (որի հետ հայրը նրան պատուհանից դուրս է նետել) և Մանանի շնիկը։

Փոքրիկ Լեոյի դագաղի մոտ վշտից կոտրված քեռին է։ Ուրիշ ոչ ոք չկա դեռ. հրաժեշտի պահը չի եկել։ Պողպատե լռության մեջ տղամարդու լացը զրնգում է ականջներիս մեջ։

Ներս են մտնում շտապօգնության աշխատակիցները։ Համավարակն, իհարկե, ոչ ոք չի չեղարկել։ Նրանք հատուկ արտահագուստով են։ Սև ֆոնին նրանց դեղին համազգեստները վառ բիծ են դառնում։ Նրանք հարազատներին օգնելու համար են այստեղ, և մի քանի րոպե անց արդեն նրանց օգնության կարիքը կունենա երեխաների մորական տատը։

«Շշշ։ Մի՛ լացեք, կարող են զարթնել»,-լսվում է մեջքիս հետևում։ Շրջվելով` հասկանում եմ, որ սպանված երեխաների մայրն է՝ Սիման։

Դեպքի պահին կինն էլ է տանը եղել․․․

Երիտասարդ կնոջը, որը դեռ երեք օր առաջ գրկում էր իր երեխաներին ու խաղում նրանց հետ, հիմա բերում են երկու կողմից թևանցուկ։ Գեղեցիկ դեմքը քարացած է։ Արցունքներ չկան։ Նա շնորհակալություն է հայտնում բոլորին, որ եկել են և խնդրում չաղմկել ու շատ բարձր լաց չլինել։ Երեխաները կարող են վախենալ` նրանք դեռ այնքա՜ն փոքր են։

Դա լսելով՝ անգամ տղամարդիկ են սկսում հեկեկալ։ Իսկ նա կրկնում է․ «Շշշշ, խնդրում եմ, մի՛ լացեք։ Իմ հրեշտակները հիմա Աստծո ձեռքերում են։ Պիտի իմանաք` ինձ համար պատիվ է նրանց մայրը լինելը։ Ես հիմա հրեշտակների մամա եմ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում