Մամուլ

Տվել եմ, սատկացրել եմ, դարձել է քրեական գործ. երթուղայինի վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում

Տվել եմ, սատկացրել եմ, դարձել է քրեական գործ. երթուղայինի վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում .

Երեւանի հանրային տրանսպորտի ոլորտում առկա մանրումեծ խնդիրների շարքը կարելի է երկար թվարկել, ու այդ խնդիրների մի մասը ուղղակիորեն առնչվում է ուղեւորների (եւ ոչ միայն նրանց) կյանքին ու առողջությանը: Բայց եթե դրանցից շատերի լուծումները պահանջում են ժամանակ ու ներդրումներ, ապա երբեմն խնդիրներ են առաջացնում իրենք՝ վարորդները՝ ոչ սթափ վիճակում նստելով ղեկին:

Նման միջադեպի ականատես եղանք կիրակի երեկոյան՝ Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի հարեւանությամբ: Կանգառին մոտեցող 28 համարի երթուղայինի վարորդը միանգամից աչքի ընկավ կողքի մեքենաների վարորդների հետ հաշիվներ պարզելով: Կանգառ մտելուց հետո փոքր-ինչ երկար կայանեց: Տարածքում հերթապահություն իրականացնող պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) աշխատակիցներից մեկը, բացելով մեքենայի դուռը, խնդրեց մի քիչ առաջ շարժվել, որպեսզի հետեւից եկող մեքենաները նույնպես հնարավորություն ունենան կանգառ մտնել: Բայց անմիջապես էլ կասկածեց՝ «էս խմա՞ծ ես»:

Վարորդի համար դժվար էր ուղիղ նստել, աչքերը փակվում էին, գրեթե չէր կարողանում խոսել: «Չէ, ընդհանրապես չեմ օգտագործում»,- ոստիկանի հարցին բավական դժվարությամբ պատասխանեց նա: «Աջ քաշիր, կանգնիր»,- պահանջեց ՊՊԾ աշխատակիցը: Այդ ընթացքում ուղեւորները համոզվել էին, որ վարորդը սթափ չէ, եւ բոլորը՝ թե՛ այդ կանգառում երթուղային բարձրացածները, եւ թե՛ նախորդ կանգառներում նստածները, բոլորը լքեցին մեքենան: Իսկ նա, չենթարկվելով ոստիկանի պահանջին, սրընթաց հեռացավ:

ՊՊԾ աշխատակիցներն իրենց անելիքն այդքանով կարծես թե համարեցին ավարտված: Եվ միայն արձագանքելով ուղեւորներից մեկի դժգոհությանը, թե անսթափ վարորդին թույլ են տալու այդպես հեռանա՞լ՝ վտանգի ենթարկելու իրեն հանդիպող բոլոր մարդկանց, ասացին, որ հիմա կապ կհաստատեն հաջորդ կանգառներում հերթապահող գործընկերների հետ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Իսկ վայրկյաններ անց իրենք էլ անհետացան՝ տպավորություն թողնելով, թե առանձնապես չեն տիրապետում իրենց գործառույթներին:

Համար 28 երթուղին սպասարկող «Հակո կոոպերատիվ» ընկերության տնօրեն Վլադիկ Աբրահամյանին չզարմացրեց, որ երթուղում աշխատող 1982 համարանիշի մեքենայի վարորդը կարող էր ալկոհոլի ազդեցության տակ լինել: Նա նախ գանգատվեց, որ Ճանապարհային ոստիկանությունը թույլ չի տալիս վարորդներին փորձաշրջան անցնել:

«Մենք ընդունում ենք 10-15 օրով՝ փորձնական, ճանապարհային ոստիկանությունը չի թողնում: Ասում է՝ իրավունք չունեք պայմանական մարդ ընդունեք: Հրաման եմ տալիս, էդպես է դառնում: Ի՞նչ իմանանք՝ ո՞վ է: Երթուղայինի վրա պլան է դրած՝ պիտի մուծեք: Վեց մեքենա չի աշխատում, վեցի պետական հարկն էլ մուծում ենք»,- ասաց Վլադիկ Աբրահամյանը:

Հասկանալի է, սակայն, որ նույնիսկ փորձաշրջանը թույլատրվելու դեպքում վարորդը կարող է այդ տասը օրը սթափ լինել, տասնմեկերորդ օրն արդեն աշխատանքի դուրս գալ ալկոհոլ օգտագործած վիճակում: Վերահսկողություն իրականացնելու որեւէ տարբերակ չկա՞:

«Ընդունում եմ աշխատանքի, ի՞նչ իմանամ՝ ով է: Գալիս է, ասում է՝ D կետով վարորդ եմ: Վարորդական իրավունքը բերում է՝ D կետով: Ասում եմ՝ հո չե՞ս խմում: «Չէ՜»,- երդվում են, երեխա, մայր, սաղին թաղում են: Ասում եմ՝ չլինեմ, չիմանամ խմեք, մեքենայի մեջ ծխեք: Իմ հեռախոսի համարը մեքենաների մեջ կպցրած է: Հա գրում էինք, հա պոկում էին: Ասել եմ՝ որը պոկեց իմ հեռախոսի համարը, կանգառում ոտիս տակ կոխ եմ տալու: Հիմա մեքենաների մեջ իմ համարը գրած է»,- պատասխանեց ընկերության տնօրենը:

Վստահեցրեց, որ մինչեւ այս այլ բողոքներ չի ստացել՝ չհաշված մի քանի տարի առաջվանը. «Առաջ եղել է, տվել եմ, սատկացրել եմ, դարձել է քրեական գործ: Ինձ ասել են՝ իրավունք չունես խփել, ինչի՞ ես խփել: Բա ի՞նչ անեմ, գնան մարդկանց, երեխեքին, գցեն մեքենայի տակ, սպանե՞ն, տան ուրիշ մեքենա ջարդեն, փշրե՞ն: Բա ի՞նչ անեի: Հիմա չեմ խփում, ասում եմ, գոռում եմ, ճվում եմ, ասում եմ հանկարծ ալկոհոլ չդնեք բերաններդ: Ի՞նչ կարող եմ անել»:

Վլադիկ Աբրահամյանը տեղյակ էր, որ տվյալ մեքենայի վարորդը այդ օրը ժամանակից շուտ վերադարձրել է մեքենան, դադարեցրել աշխատանքը ու չի բացառվում՝ խմածության պատճառով: «Ես ընդունում եմ: Որ մեկը զանգում է, ես գիտեմ, որ ճիշտ է ասում: Վե՛րջ: Ես չեմ ասում՝ սուտ է, էս է, էն է: Մարդ կա՝ ասում է սուտ է, էդպիսի բան չի եղել: Տես ասում եմ, որ գիտեմ՝ էդ ինչ տիպար է: Էդ ստորին ես ասել եմ՝ արա, լսել եմ, որ դու խմում ես: Բա՝ չէ, էլ ղեկին չեմ խմի: Ես հավատում եմ, որ դա խմել է»,- նկատեց «Հակո կոոպերատիվ» ընկերության տնօրենը:

Միջադեպի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից՝ ուղղելով հետեւյալ հարցերը՝

– Դեպքը ոստիկանությունում արձանագրվե՞լ է:

– Միջոցներ ձեռնարկվե՞լ են վարորդին հայտնաբերելու, վիճակը գնահատելու եւ, եթե ոչ սթափ է, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

– Նկարագրված իրավիճակում ինչպես պետք է վարվեին ՊՊԾ աշխատակիցները:

– ՊՊԾ աշխատակիցներն արդյոք համապատասխան պատրաստություն անցնո՞ւմ են՝ իրենց իրավունքներին ու պարտականություններին տեղյակ լինելու եւ նման դեպքերում անելիքն իմանալու համար:

Ոստիկանությունից, ի պատասխան, տեղեկացրին. «Նշված միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել։ Իսկ ոստիկանի կողմից վարորդի նկատմամբ հետապնդում չի իրականացվել, քանի որ ծայրահեղ անհրաժեշտություն չի առաջացել։ Հանգամանքները պարզվում են: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել էջում