Մամուլ

Զորակոչից խուսափած 2000 երիտասարդներ «ներվեցին», կարող են վերադառնալ Հայաստան առանց հետապնդման

Զորակոչից խուսափած 2000 երիտասարդներ «ներվեցին», կարող են վերադառնալ Հայաստան առանց հետապնդման․

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունեց օրինագծի շտկումները, որը զինվորական ծառայությունից խուսափած 27 տարեկան երիտասարդներին ազատում է քրեական հետապնդումից համապատասխան տուգանք վճարելու դեպքում։

«Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունները հնարավորություն կտան քաղաքացիներին, որոնք 2018թ.–ին և մինչև 2019թ.–ի մարտի 1–ը դարձել են 27 տարեկան, վերադառնալ Հայաստան, համապատասխան գումար վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Գործող օրենքը վերաբերում էր նրանց, ովքեր մինչև 2018թ–ը դարձել են 27 տարեկան։

«Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք սպասում են այս օրինագծի ընդունմանը, ուստի մենք նախաձեռնել ենք դրա քննարկումը։ Այն կվերաբերի մոտ 2 հազար հոգու», – նախօրեին նախագիծը ներկայացնելիս հայտարարել էր օրինագծի հեղինակներից մեկը` «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նրա խոսքով` զինվորական ծառայությունից խուսափել է մոտ 11 հազար մարդ (տվյալները Սփյուռքի նախկին նախարար և «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանինն է)։

Նշենք, որ փետրվարի վերջին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ներկա պահին 27-35 տարեկան 3225 զինապարտ է հետախուզվում։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն վիճակագրություն էր ներկայացրել 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ` հայտնելով, որ 2003 թվականից ընդհանուր առմամբ 9985 քաղաքացի սահմանված կարգով վճարել է գումարը և ազատվել քրեական հետապնդումից։

Օրենքի համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ՊՆ հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 11 մլրդ 81 մլն 46 հազ ՀՀ դրամ: Այդ գումարներն օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով:

Նշենք, որ օրենքի համաձայն (ժամկետները ամեն տարի երկարացվում են) 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են խուսափել քրեական հետապնդումից` վճարելով սահմանված 1,8 մլն դրամ տուգանքը։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով