Ազատ խոսք

Տպավորությունս այն է, որ մեզ բոլորիս փորձում են մի տեսակ «լարովի նարնջի» տեղ դնել

Տպավորությունս այն է, որ մեզ բոլորիս փորձում են մի տեսակ «լարովի նարնջի» տեղ դնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

«Վարչապետի երեկվա գրառումը «տնայնագործ գեոպոլիտիկների» մասին շատ խորքային առումով վատն էր, շատ վատն էր։

Ես հասկանում եմ, որ ցանկացած պետության խնդիրներից մեկը ցանկացած տեսակի խուճապների կասեցումն է։

Ես հասկանում եմ, որ ցանկացած պետություն ունի ինստիտուտներ, որոնց գործառույթը տարածաշրջանային զարգացումների վերլուծությունն ու սցենարների հաշվարկն է (լավ կամ վատ)։

Բայց ես չեմ հասկանում, երբ գործադիր իշխանության ղեկավարը, քաղաքական առաջնորդը պիտակավորում է տարածաշրջանային խիստ վտանգավոր այս զարգացումը լավ կամ վատ վերլուծել փորձողներին, վտանգներ տեսնողներին, հենց իրեն՝ կառավարության ղեկավարին խիստ անտեղի «բլինչիկային» գրառման համար քննադատողներին։

Չէ՞ որ կոնկրետ այս վտանգները վերքաղաքական մակարդակ ունեն։

Եթե, Աստված մի արասցե, Ամերիկա-Իրան հարաբերություններում բանը բանից անցնի, ոչ ոքի չի հետաքրքի՝ դու օրվա իշխանությանը սատարում ես, քննադատում ես, թե չեզոք ես։

Տպավորությունս այն է, որ մեզ բոլորիս փորձում են մի տեսակ «լարովի նարնջի» տեղ դնել՝ պիտակավորելու եղանակով զրկելով ազատ մտածելու, մտքեր փոխանակելու, տո նույնիսկ սխալվելու իրավունքից։

Մի՛ արեք»։

Կիսվել նյութով