Տղամարդը քրոջ կմախքը բերել է բանկ՝ նրա հաշվից գումար հանելու համար
Հնդկաստանի Օդիշա նահանգում մի տղամարդ իր մահացած քրոջ աճյունով այցելել է բանկի մասնաճյուղ՝ փորձելով ապացուցել նրա մահը և նրա հաշվից հանել 20,000 ռուփի (մոտ 210 դոլար) գումար։ Այս մասին հաղորդել են ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանությանը։
Կինը մահացել էր երկու ամիս առաջ՝ հիվանդության հետևանքով։ Նրա հաշվին, տեղական բանկում, մնացել էր անասունների վաճառքից ստացված գումարը։ Տղամարդը նախկինում արդեն դիմել էր բանկ, սակայն աշխատակիցները նրանից պահանջել էին անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք նա չէր կարողացել ներկայացնել՝ իր անգրագիտության պատճառով։
«Մի քանի անգամ գնացի բանկ, և նրանք ասում էին, որ բերեմ հաշվի տիրոջը, որպեսզի նրա անունով գումար հանեմ։ Ես բացատրեցի, որ նա մահացել է, բայց նրանք անտեսեցին և շարունակում էին պնդել, որ նրան բերեմ։ Հուսահատությունից ելնելով՝ փորեցի գերեզմանը և վերցրի նրա կմախքը՝ որպես մահվան ապացույց»,- «India Today»-ին պատմել է 50-ամյա Ջիտու Մունդան։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան վստահեցրել են, որ կօգնեն վերադարձնել գումարը։ «India Today»-ի տեղեկություններով՝ կնոջ աճյունը հետագայում կրկին հուղարկավորվել է իրավապահների ներկայությամբ։
Տեղական իշխանությունները բանկին հանձնարարել են հնարավորինս արագ ապահովել գումարի տրամադրումը, քանի որ Ջիտու Մունդան հանդիսանում է իր մահացած քրոջ ակտիվների միակ օրինական ժառանգը։



