Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից. Թաթոյան
«Միասնության թեւեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը գրել է.
«Արդարադատությունն ու վրեժխնդրությունն այս իշխանությունները դարձրել են հոմանիշներ. վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից։
Ատելություն ու պառակտում տարածող իշխանությունները պետք է հեռանան, մեզ պետք է միավորում ու արդարություն»։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։



