Քաղաքականություն

«Վարչապետին, խնդրում եմ, պահանջում եմ՝ ուշքի արի, սթափվիր, լրջացիր, չես կարող՝ հեռացիր»․ Մարգարիտ Եսայան

Aravot.am-ի զրուցակից է նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը

-Մեղրու զորամասում աննախադեպ բան կատարվեց, զինվորները դուրս եկան փողոց եւ հրաժարվեցին սափրվել, ձեր կարծիքով, թուլացե՞լ է վերահսկողությունը զորամասում։

– Չեմ ուզում ուժեղ երեւալ եւ ձեր ամենացավոտ հարցին պատասխանել սառնասրտորեն, չեմ կարող, որովհետեւ պիտի ասեմ՝ այդ դեպքի մասին իմանալուց հետո ես չեմ կարողանում քնել, ես մտահոգ եմ, անհանգիստ, ես զայրացած եմ, շատ զայրացած։ Սա ամենավտանգավորն էր, որ կատարվեց եւ պիտի սրա դեմն առնել: Իրականում, այն ինչ նախապատրաստվեց եւ իրականացվեց մեր պետության ներսում, հասարակությունը բաժանվեց սեւերի եւ սպիտակների, հիմա, փորձ է արվում իրականացնել բանակում:

Զինված ուժերը պետք է աչալուրջ լինեն: Թշնամին որդի պես սողոսկել է մեր սրբություն, մեր պաշտպանական ամրոց, մեր անվտանգության ամրոց եւ որդի պես փորձում է ներսից քանդել մեր անառիկ բերդը, այն, ինչով մենք ապահով ենք, այն ինչով մենք հպարտանում ենք, այն, ինչը մեր անկախ պետության միակ անթերի եւ բացառիկ կայացած կառույցն է։

Բոլոր դրսերից փողեր ստացած, հազար ու մի ՀԿ-ներ բացած եւ դրսի փողերով, հղփացածներին, այսօր հայոց մաքուր լեզուն աղավաղած, խորհրդարանում այլալեզու շեշտադրումներով խոսող որոշ տիկինների եւ տղեկների պիտի ծնկի բերել, թույլ չտալ, որ բանակը եւս դարձնեն իրենց պապաների հանձնարարականների դաշտը, բանակը եթե վտանգվեց, բոլորն են վտանգի մեջ, էլ ինչ բանակցային սեղան, էլ ինչ վերելակ կամ բանակցություն, էլ ինչ՝ ուղղաթիռով Արցախ թռչել, այս ամենը կարելի է մոռանալ եւ ետ ընկնել եւս հարյուր տարով։

Իսկ թշնամին հենց սրան է սպասում եւ իմ կոչն է այսօրվա վարչապետին, խնդրում եմ, պահանջում եմ, հորդորում եմ, ուշքի արի, սթափվիր, լրջացիր, չես կարող՝ հեռացիր, որովհետեւ մնացած ամեն ինչ քեզ կներվի, իսկ բանակի եւ երկրի անվտանգության տապալումը քեզ ոչ ոք չի ների, ոչ այսօր, ոչ հարյուր տարի հետո։

– Կառավարությունը որոշեց, որ ապրիլի վերջին շաբաթը պիտի տոն լինի, քաղաքացու տոն, դուք սոցիալական ցանցում գրել էիք, որ դա լավ չի, թող ապրիլի 24-ի անունն էլ փոխեն եւ «դըմբ-դըմբ-հու»-ով գնան առաջ: Կարծում եք կառավարությունը լավ որոշում չի կայացրե՞լ։ Ձեր համեմատությունը կարծես կոշտ էր:

– Քաղաքա՞ցու օր, ապրիլի՞ն, իբր՝ ի՞նչ, կառավարությունից նույն քաղաքացին այլ որոշումներ է ակնկալում, սպասում է կոնկրետ գործերի, իսկ կառավարությունը թիթեռ է նկարում, կարծում եք՝ կո՞շտ եմ, բնավ։

Ավելորդ եմ համարում կրկին ասել, որ սա իշխանության եկած ուժի հերթական ատելության դրսեւորումն է, հերթական սեւերի եւ սպիտակների բաժանման փորձը, սա ավելորդ անգամ ապացուցում է, որ սիրո եւ համերաշխության մասին խոսողների համար այդ բառերը այլաբանական իմաստ ունեն, նրանք ասում են սեր, հասկանում են ատելություն, ասում են համերաշխություն, հասկանում են առճակատում, կռիվ եւ անհանդուրժողականություն։

Եթե որոշել են, անելու են, տոնելու են բազմագույն փուչիկներով եւ տրաք-տրաքոցով, աղաղակով, թող տոնեն, հե՞տո, իբր՝ ինչ, իսկ այն մարդիկ, որոնք այդ պլյուս-մինուսների մեջ չկան, որոնք այս փոփոխությունների զոհն են, այն 10 հազար պետական պաշտոնյաները, նրանց գումարվելու են եւս մի քանի տասնյակ հազարներ, այ, այդ մարդիկ ո՞ւմ քաղաքացիներն են, կամ՝ քաղաքա՞ցի են, առհասարակ։

Ավելի տափակ եւ չարամիտ որոշում դժվար է պատկերացնել. Հայոց ցեղասպանության օրվան հաջորդող օրերին, մի քիչ մտածելը չէր խանգարի, կանգ առնելն ու խորհելը չէր խանգարի։ Գիտե՞ք, այլեւս սա էլ էական չէ, կանցնի, այսպես չի մնա, բայց՝ դեռ ինչեր են լինելու…

Մանրամասները՝ այստեղ

Share