Մամուլ

Վարորդների խնդրանքով, կվերադարձնի՞ արդյոք Փաշինյանը աջ ղեկը Հայաստան

Armeniansputnik.am-ը գրում է․ Երբ Հայաստանում իշխանության եկավ նոր քաղաքական թիմը, հրատապ դարձան նախկին թիմի մի շարք որոշումները վերանայելու հարցերը։ Խոսքը նաև աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու մասին է։ Նախկին կառավարության այդ որոշումն էլ էր առաջացրել վարորդների դժգոհությունը, բողոքի ակցիաներ էին եղել։

Աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքն ուժի մեջ է մտել 2018թ-ի ապրիլի 1-ից։ Հայաստանի տրանսպորտի նախարարությունում արգելքը մեկնաբանում էին նրանով, որ մեր երկրում երթևեկությունն աջակողմյան է, և այս պարագայում աջ ղեկով մեքենաների շահագործումը վտանգավոր է։

Իրականում աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-երի թիվը ավտովթարների ընդհանուր վիճակագրության մեջ փոքր է։ Այսպես, 2017թ-ի հունվարից նոյեմբեր Հայաստանում տեղի է ունեցել 3 241 ՃՏՊ, որից 309-ը՝ աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ, այսինքն` 10 տոկոսը։

Արժե՞ր արդյոք հանուն այդ 10 տոկոսի փոփոխություններ անել, որոնք հարվածում են հասարակ քաղաքացիների գրպանին, հատկապես այն դեպքում, որ Հայաստանում աջ ղեկով մեքենաների քանակը կազմում է ընդհանուր թվի մոտ 9 տոկոսը։ Այսինքն` նման մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ներ ավելի հազվադեպ են լինում, քան ձախ ղեկով մեքենաների։

Անշուշտ, աջ ղեկով մեքենա վարելիս որոշակի անհարմարություններ լինում են` մասնավորապես, շրջանցելիս և հանդիպակաց գոտի մտնելիս։ Աջակողմյան ղեկով մեքենա վարելիս վարորդի դիտման անկյունը զգալիորեն սահմանափակ է։

Քաղաքում այդ խնդիրն այդքան զգալի չէ, սակայն մայրուղով երթևեկելիս աջ ղեկով մեքենան անհարմար է վազանցելիս։ Վարորդը ստիպված է կիսով չափ անցնել հանդիպակաց գոտի՝ տեսադաշտ ունենալու համար։ Սակայն ժամանակի ընթացքում վարորդի մոտ հայտնվում են վարելու որոշակի ոճ և հմտություններ, որոնք օգնում են խուսափել նման իրավիճակներից։

Բացի այդ, շրջանցելու խնդիրը հիմա հեշտ լուծվում է ձախ հայելիների վրա տեղադրվող հատուկ տեսախցիկների օգնությամբ։ Այդ տեսախցիկների օգնությամբ առջևից գնացող ավտոմեքենայի տարածությունը հեշտ երևում է ավտոմեքենայի սրահից առանց ինչ-որ շարժումների և մանևրների։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կիսվել նյութով