Մամուլ

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը երկու եղբայրները՝ Արամ և Արմեն Սարգսյանները նշել են առանձին-առանձին

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը երկու եղբայրները՝ Արամ և Արմեն Սարգսյանները նշել են առանձին-առանձին

Mediahub-ը գրում է․ Երեկ՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր։ Եթե չլիներ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, սպարապետը կդառնար 65 տարեկան։ 

Նրա ծննդյան օրը երեկ Վազգեն Սարգսյանի երկու եղբայրները՝ Արամ և Արմեն Սարգսյանները, նշել են առանձին-առանձին։ Արամ Սարգսյանը սպարապետի ծնդդյան օրն անցկացրել է եղբոր ազատագրած Արցախը թշնամուն հանձնած իշխանությունների հետ՝ նրանց կազմակերպած միջոցառմանը մասնակցելով, իսկ Արմեն Սարգսյանը ինքն էր եղբոր համար իր կողմից առանձին միջոցառում կազմակերպել սպարապետի ծննդավայր Արարատում։ 

Ակնհայտ է, որ երկու եղբայրների մեջ գաղափարական լուրջ տարաձայնություններ կան, և եթե Սարգսյան եղբայրներից Արամը կարողանում է հաշտ լինել իր եղբոր ազատագրածը թշնամուն հանձնած, իր եղբոր ապրածն ու արածը ջուրը լցնող այս իշխանությունների հետ, ապա մյուս եղբայրը՝ Արմենը, ճիշտ հակառակ դիրքորոշումն ունի, եղբոր հետ էլ, որքանով հասկացել ենք, առանձնապես շփում չունի, և այս իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությանն էլ դեմ է։

Թեպետ՝ հրապարակավ այդ մասին հանդես չի գալիս, չի խոսում, չի քննադատում, ինչը ևս տարօրինակ է, ու կարող է թվալ, որ նա էլ է հաշտվել այս իշխանությունների գոյության հետ։ Ու որպեսզի այս ամենը ենթադրությունների մակարդակում չլինի, մենք փորձեցինք զրուցել Արմեն Սարգսյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։ Փոխարենը կարողացանք խոսել նրա որդու՝ Կառլեն Սարգսյանի հետ։ 

«Թանգարանում մենք մեծ միջոցառում էինք կազմակերպել, երգիչ-երգչուհիներ էին եկել՝ Շուշան Պետրոսյանը, Արամոն, Էմման, հետո մեր Արարատի Զոդի՝ Վազգեն Սարգսյանի անվան գնդում ենք միջոցառում անցկացրել, նաև Արարատ քաղաքում, Վեդիում են անցկացրել միջոցառում»,- ասաց Կառլեն Սարգսյանը։

 -Իսկ ձեզ չէի՞ն հրավիրել իշխանությունների հրավիրած մեծ միջոցառմանը։ 

-Հրավիրել էին։ 

-Ու չէիք գնացել, ինչպես հասկացա։

 -Այո։

 -Ինչո՞ւ։ 

-Ժամանակ չունեի, զբաղված էի ուրիշ գործերով, մենք Արարատում ենք մնացել ու կառավարության կազմակերպած էդ Օպերայի միջոցառմանը չկարողացանք գնալ։

-Բայց որ ժամանակ ունենայիք, կգնայի՞ք հավանաբար։ 

-Ես չեմ ուզել տարբեր մարդկանց էնտեղ տեսնեմ, մարդիկ կային, սկի չեմ ուզել, որ գնան Եռաբլուր։ Ես չեմ ուզել ներկա գտնվեմ, չեմ եղել։ Ես նախընտրել եմ մնամ տուն-թանգարանում։ 

-Նույնը նաև Ձեր հո՞ր անունից կարող ենք հասկանալ։ 

-Իմ հերը ինքը կպատասխանի, կարծում եմ, ավելի ճիշտ, ես իր տեղը չեմ կարա պատասխանեմ։ Ես իմ տեղն եմ պատասխանում՝ ես թանգարանում էի, ժամանակ չունեի ու չգտա, որ իմ ներկայությունը էնտեղ էդքան կարևոր ա։ Հորեղբայրս՝ Արամը, ներկա էր, հերիք էր։

-Իսկ դա ինչպե՞ս եք գնահատում, որ Ձեր հորեղբայրը ներկա էր կառավարության կազմակերպած միջոցառմանը, իսկ Դուք՝ ոչ։

 -Ինքը տենց ա որոշել, տենց ա գտել, ես չեմ կարա իրա տեղը պատասխանեմ, ես չեմ ուզում կարծիք հայտնեմ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում