Մամուլ

Սպառողին խաբում են տեղական խոզի մսի փոխարեն ներմուծված միս են վաճառում․ Ֆերմեր

Սպառողին խաբում են տեղական խոզի մսի փոխարեն ներմուծված միս են վաճառում․ Ֆերմեր

Արդեն 4 ամիս է՝ Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերները Սննդի անվտանգության տեսչությունից պահանջում են պարզաբանել, թե ինչ հիվանդություն է հանրապետությունում տարածված խոզերի շրջանում և ինչպես է հնարավոր այն կանխարգելել։ Սակայն ՍԱՏՄ-ից հայտնում են, որ փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ֆերմեր Նորայր Սուքիասյանն ասել է, որ տարածված հիվանդության հետևանքով բազմաթիվ ֆերմերներ կան, որոնք 50-150 գլուխ կենդանու անկում են ունեցել։

«Խոզի գրիպի նման մի բան է, քանի որ չգիտենք, թե ինչ հիվանդություն է, նաև բուժման տարբերակներն էլ չենք գտնում»,- ասել է ֆերմերը՝ ավելացնելով, որ հիվանդությունը նախ նկատել են ներմուծված խոզերի շրջանում, բայց հետո նաև տեղականն է վարակվել։ Ըստ նրա՝ վարակ կա արդեն Արարատում, Կոտայքում կա, Իջևանում, Սպիտակում։

«Մենք պահանջում ենք, որ մեր տեղական խոզաբուծությունը չոչնչացնեն, ուզում են բերեն՝ թող բերեն, բայց թող տեղական արտադրողին չխանգարեն»,- ընդգծել է ֆերմերը։

Սուքիասյանը նշել է, որ ներմուծված միսն ավելի էժան է, քան տեղականը, եթե այսպես շարունակվի, ապա տեղական արտադրությունը վերանալու է․ «Այդ ժամանակ ներմուծվածի գինը կբարձրացնեն, բայց վատն այն է, որ տեղական սպառողը խաբված է՝ չգիտի՝ տեղական մի՞ս է առնում, թե՞ ռուսական։ Տեղական մսի պահանջարկ միշտ եղել է, բայց այսօրվա խանութների, ռեստորանների 90 տոկոսը օգտագործում է ռուսական միսը, իսկ սպառողը պատկերացում անգամ չունի, որ իրեն ռուսականն են վաճառել։ Եթե այդպես է՝ կենդանի պահելու իմաստը ո՞րն է»։

Ֆերմերը նշել է նաև, որ Հայաստանում մսի պահանջարկ միշտ էլ կա, շուկան ինքնաբավ է, անգամ կարող են արտահանել․ «Հիմա մեծ քաշերի պահանջարկ ունենք, հատկապես մսամթերքի արտադրությամբ զբաղվող երշիկեղենի արտադրամասերի համար պահանջարկ կա, նրանց կարող են մատակարարել, բայց ոչ փոքր քաշերի համար, փոքր քաշերը մենք էլ կարող ենք բավարարել, բայց այս ամենի արդյունքում մարդիկ դադարել են զբաղվել խոզաբուծությամբ։

Անցած տարի ես 100 հաճախորդ ունեի, որոնք 50-60 հատով գոճիներ էին առնում, բայց հիմա գնային անկման, հիվանդության պատճառով մարդիկ էլ խծոզաբուծությամբ չեն զբաղվում։ 100 հոգուց միայն 3-ն են, որ դեռ շարունակում են խոզ պահել, այն էլ արդեն հիասթափված են, մյուսներն էլ հրաժարվել են, խոզի անունը լսել անգամ չեն ուզում, ասում են՝ իմաստը որն է, եթե կարող է վաղը դուռը բացենք՝ տեսնենք, որ խոզերը էլ չկան։

Մենք էլ մայրական բազա ենք պահում, բայց հիմա սկսում ենք գլխաքանակ նվազեցնել, էսպես շարունակվի՝ մենք էլ ստիպված կլինենք հրաժարվել»,- եզրափակել է ֆերմերը։

Կիսվել էջում