Մամուլ

Սպանության փորձ՝ Երևանում. 37-ամյա տղամարդը դանակի մոտ 8 հարված է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել  հիվանդանոց

Սպանության փորձ՝ Երևանում. 37-ամյա տղամարդը դանակի մոտ 8 հարված է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել  հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Մինասյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 10-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ժամը 17։25-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «արմնկային շրջանի, որովայնի առաջնային պատի և նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

bora danakaharutyun

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սահակյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված վիրավորի կյանքի համար, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ՝ 37-ամյա Կարեն Բունիաթյանն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հեախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Բունիաթյանի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա Էրիկ Մարանդյանի միջև, որի ժամանակ վերջինս դանակով մի քանի անգամ (մոտ 8) հարվածել է Կ. Բունիաթյանի մարմնի տարբեր մասերին։

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Է. Մարանդյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Կիսվել էջում