ՄամուլՔաղաքականություն

Ռուսաստանի շնորհիվ Հայաստանը պահպանել է իր ինքնիշխանությունը 1990-ականներին․ Շոյգու

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ձեռնարկել է քայլեր, որոնք, ըստ Մոսկվայի, հակասում են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։

«Գաղտնիք չէ, որ երկրի ղեկավարությունը վերջերս ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք հակասում են Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»,- ասել է Շոյգուն Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է առանցքային դեր ունենալ Հայաստանի տնտեսության և սոցիալական ոլորտի համար։ Շոյգուի խոսքով՝ ՌԴ-ն Հայաստանին բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութ և բենզին է մատակարարում շուկայականից մոտ երեք անգամ ցածր գներով։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տվյալներով՝ Ռուսաստանի բաժինը կազմում է Հայաստանի գյուղատնտեսական արտահանման մինչև 98%-ը, իսկ թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման՝ 78%-ը։

Շոյգուն նաև նշել է, որ ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքային թույլտվությունների։ Նրա խոսքով՝ 2025 թվականին նրանք Հայաստան են փոխանցել գրեթե 3,9 մլրդ դոլար։

Նա հավելել է, որ 2025 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների շուրջ 40%-ը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք, ըստ նրա, իրենց ծախսերով աջակցել են երկրի տնտեսությանը։

Շոյգուն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ հայտարարելով, որ 2025-2026 թվականներին Երևանի ռազմավարական գործընկերների թվում հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ «անբարյացակամ» դիրքորոշում ունեցող մի շարք երկրներ։

ՌԴ ԱԽ քարտուղարը քննադատել է նաև Երևանում անցկացված ԵՀՔ գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հարթակ տրամադրելու որոշումը՝ այն անվանելով «ծաղր նացիզմի դեմ պայքարած հայերի հիշատակին»։

Շոյգուն հայտարարել է, որ ռուս և հայ ժողովուրդները կապված են դարավոր բարեկամությամբ և ընդհանուր պատմությամբ՝ հավելելով, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանը կարողացել է պահպանել իր ինքնիշխանությունը 1990-ականներին։

Նա նաև հռետորական հարց է հնչեցրել՝ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններում է Հայաստանը ԵՄ-ին մատակարարելու հայկական ծիրան, իշխան և հանքային ջուր։

«Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժն է։ Դրա հետ դժվար է վիճարկել»,- ասել է Շոյգուն՝ հավելելով, որ Մոսկվան հասկանում է Երևանի ցանկությունը օգտվել ՌԴ-ի հետ համագործակցությունից, սակայն «սա երկկողմանի փողոց է»։

Կիսվեք ձեր էջում