ՄամուլՄշակույթ

Ռոբերտ Քոչարյանը նամակով դիմել է ի պաշտպանություն իրեն հանդես եկած գործիչներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նամակով դիմել է արվեստի և մշակույթի այն գործիչներին, որոնք հանդես էին եկել հայտարարությամբ՝ իրեն կալանքից ազատ արձակելու պահանջով: Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նամակի տեքստն ամբողջությամբ: Դրանում մասնավորապես նշված է.

«Հարգելի բարեկամներ

Գրում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ իմ անկեղծ երախտագիտությունը ձեր անունից հրապարակված հայտարարության համար, ուր կոչ էիք անում ազատել ինձ կալանքից։

Շնորհակալ եմ ձեզ ու զգացված եմ ձեր վերաբերմունքից: Տաղանդավոր, հայտնի և հեղինակավոր մարդկանց այսպիսի խմբի ուշադրությունը և հոգածությունը պատիվ կբերի ցանկացած քաղաքական և պետական գործչի: Ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ, մյուսների հետ ակնկալում եմ ծանոթանալ առաջին իսկ հնարավորության դեպքում:

Ուզում եմ հատուկ շեշտել ձեր քաղաքացիական դիրքորոշումը և քաղաքացիական արիությունը, որի շնորհիվ արտահայտել եք ձեր համոզմունքը՝ ուշադրություն չդարձնելով իշխանությունների տեսակետին:

Կցանկայի, որ իմանաք. խնդիրը ապօրինի կալանավորման մեջ չէ միայն: Խոսք է գնում իրավական ամենաթողության, քաղաքական հալածանքների և մեր ինքնությունը կազմաքանդելու մասին:

Սիրելի բարեկամներ, կրկին անկեղծ շնորհակալություն հայտնելով բոլորիդ, ուզում եմ շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Առողջություն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին:

Անկեղծ հարգանքով՝ Ռոբերտ Քոչարյան»:

Կիսվել էջում