Մամուլ

Ջերմուկի դիրքերում զոհվել է Շուշիի մատույցներում իր խմբով հերոսացած կապիտան Արման Զաքարյանը

Ջերմուկի դիրքերում զոհվել է Շուշիի մատույցներում իր խմբով հերոսացած կապիտան Արման Զաքարյանը

Yerkir.am-ը գրում է. Ռազմաճակատից հասած առաջին լուրերը վերստին կորստի անամոք ցավով համակեցին հայ ազգին. նոսրանում են ՀՀ ԶՈՒ մարտական բարձր պատրաստվածությամբ սպայակազմի շարքերը, պատերազմը խլեց նրանցից շատերի կյանքը:

Ջերմուկի պաշտպանական դիրքերում երեկ զոհվեց ՌԴ Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ, կապիտան Արման Զաքարյանը:

Նա 2020թ. Շուշիի մատույցներում հատուկ նշանակության իր խմբով հերոսաբար մարտնչեց` խոչընդոտելով Քարին տակից բարձրացող ճանապարհով հակառակորդի զորքի առաջխաղացումը։

Արմանն անափ խորությամբ հայացք ուներ, նրա կանաչ աչքերի խորքում մի քանի օրերի ընթացքում ապրած մի ողջ կյանք էր ամփոփված՝ լի հուսահատության, հպարտության, վախի, սարսափի, կորստի ցավի, չգնահատված լինելու դառը զգացողությամբ։

jermuk

Պատերազմից հետո նա այլ աչքերով էր նայում կյանքին ու աշխարհին. այնտեղ՝ մարտի դաշտում ռմբակոծությունների, պայթյունների մահացու տեղատարափի ներքո զինակիցների վիրավորվելու, մահվան ահասարսուռ դեպքերը նրան ստիպել էին արժևորել ամեն բացվող օրը, որը իր ծառայակիցներից շատերին չէր վիճակվել ապրել…

Հարցին, թե ՝ պատերազմի դաշտում յուրաքանչյուր զինվոր բազմաթիվ պատահականությունների շնորհիվ է ողջ մնում, Շուշիի մատույցներում՝ կյանքի ու մահվան սահմանագծին, առկախված անորոշության մեջ հավատո՞ւմ էիր պատահականություններին, նա պատասխանեց.

-Մարտի դաշտում հրամանատարը մահվան մասին մտածելու շատ ժամանակ չի ունենում, երբ նկատում է իրեն նայող տասնութամյա զինվորների՝ փրկության հույսով լի հայացքները։ Բայց ես Շուշիից զանգահարեցի Մարտակերտի դիրքերում գտնվող հորս և ասացի.

«Հաջող պապ, իմացիր, որ ես չեմ փախել, իմ դասակը մինչև վերջին օրը կանգնած է ամենաթեժ կետերից մեկում»։

Կիսվել նյութով