Մամուլ

ՊՆ-ի պարզաբանումը Էրիկ Հարությունյանի մահվան վերաբերյալ

Մամուլում տեղեկություններ են տարածվում ՀՀ ԶՈՒ չզորակոչված քաղաքացի Էրիկ Հարությունյանի մահվան պատճառների վերաբերյալ, ինչի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինվորական կոմիսարիատում առկա փաստաթղթերի համաձայն՝ զորակոչիկը ինչպես զինվորական հաշվառման, այնպես էլ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ուղեգրվել է ստացիոնար հետազոտության և իրավասու հանձնաժողովների կողմից գտնվել է բժշկական փորձաքննության փուլում։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել պաշտպանության նախարարությունը։

«Քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու և փորձաքննական ճիշտ եզրակացություն կայացնելու նպատակով։

ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք քաղաքացու մահվան վերաբերյալ չհիմնավորված պատճառահետևանքային կապեր չարծարծել:

Պաշտպանության նախարարությունը ցավակցում է մահացած քաղաքացու ընտանիքի անդամներին և հարազատներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել էջում