ՄամուլՇոու-բիզնես

Պետք է վերանա նիկոլիզմը` իր հետ տանելով անգրագետ, անհայրենիք և թրքաբարո երևույթներին․ Գայանե Ասլամազյան․ «Իրավունք»

Պետք է վերանա նիկոլիզմը` իր հետ տանելով անգրագետ, անհայրենիք և թրքաբարո երևույթներին․ Գայանե Ասլամազյան

Iravunk.com-ը գրում է․ Երկրում տիրող իրադարձությունների մասին “Իրավունքը” զրուցեց հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի հետ:

– Բնակվում եք ԱՄՆ-ում եւ բավականին ակտիվ հետեւում եք հայաստանյան իրադարձություններին: Ինչպե՞ս եք վերաբերվում երկրում ստեղծված նախընտրական պայքարին:

– Քանի որ հեռու եմ ապրում, եւ ժամերս այլ են, մոտ երեք տարի է ինձ մոտ օր ու գիշեր խառնվել է: Նախօրեին շատ մռայլ էի եւ սպասումներով լի: Այդ գիշերը շատ կարճ տեւեց… Արթնանալուն պես միանգամից միացրի երկրորդ նախագահի ելույթը:

Շատ հուզվեցի հենց առաջին վայրկյաններից, երբ հնչեց մեր հիմնը, եւ տեսա գեղեցիկ տեղադրված մեր դրոշները: Հասկացա, որ երեք տարիների ընթացքում որքան էլ որ ուշադիր հետեւել եմ լրահոսին, չեմ լսել մեր հիմնը եւ չեմ տեսել լուրջ մոտեցում յուրաքանչյուր ելույթի: Պետականության հանդեպ ճիշտ մոտեցում, մտածողություն, հարգանք մեր պետական նշանների նկատմամբ:

Հոգնել եմ հիստերիկ մեղադրանքներից ու քանդուքարափ անող գաղափարներից: Հոգնել եմ փողոցային փնթի վիճակից, որ տիրում է արդեն երեք տարի: Մենք երեք տարվա մեջ չենք լսել գեթ մեկ կառուցողական միտք:

Վերջապես հստակ ծրագիր, գործ անելու տրամադրվածություն: Հավանեցի մարդկանց հրապարակում: Եվ այն փաստը, որ մարդկանց չէին օգտագործել ինչպես նախկինում. “Դուք գնացեք 8-ից հրապարակ, ես 11-12-ին կգամ”:

Կարճ, կոնկրետ եւ դեպի ծանրագույն աշխատանքը տանող խոսք: Առանց փողկապ, շապիկի թեւերը վեր բարձրացրած եւ անշնորհակալ աշխատանքին լծվելու պատրաստություն:

Հոգումս առաջին անգամ հույսի լույս ծագեց: Եվ այդ զգացողությամբ, լավ տրամադրությամբ սկսվեց իմ օրը` հետհաշվարկով: Ես սատարում եմ բանիմաց, գործունյա մասնագետներին, որոնք առաջին հերթին սիրում են իրենց երկիրը եւ հայ լինելը: Ովքեր հասկանում են աշխարհի կողմից մեզ նետված քաղաքական միտումները եւ գիտեն ինչպես կասեցնել կամ շրջանցել դրանք:

Ինձ համար կապ չունի, որ դաշինքից կամ կուսակցությունից են: Կարեւորը, որ փորձն ու գիտելիքը վերացնի, արմատախիլ անի նիկոլիզմը` իր բոլոր դրսեւորումներով:

Ասել, որ միայն Նիկոլը պետք է հեռանա, սխալ է: Պետք վերանա նիկոլիզմը` իր հետ տանելով անգրագետ, անհայրենիք եւ թրքաբարո երեւույթներին, տեղը զիջելով խելացի, փորձառու մասնագետներին:

aslamazyan gayane

– Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին ինչպե՞ս եք վերաբերվում: Իր հոգեզավակի դեմ դուրս գալը, ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված:

– Ես հիշում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարած տարիները, թե ինչպես այդ մարդը վերացրեց մեր ազգի սերուցքը, եւ դա արդարացի կոչում էին սպիտակ գենոցիդ:

Ինչպես նա կրկին ցնցումների ենթարկեց մեր երկիրը եւ մարտի 1-ին հանգիստ թեյ էր խմում իր տանը: Նա սասանեց մեր դիրքերը միջազգային հարթակներում: Ինչպես ստեղծեց Նիկոլ կոչեցյալին եւ աշխատեցրեց իբրեւ ռեսուրս իրենից հետո եկած իշխանությունների դեմ:

Գուցե կան բաներ, որ նա էլ չէր սպասում իր աշակերտից, բայց վատ է այն ուսուցիչը, որին չի գերազանցում աշակերտը: Ես այդ մարդու ոչ մի քայլի չեմ հավատում: Եվ համարում եմ, որ նա հայանպաստ աշխատանքի ունակ չէ:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրերի իրականացմանը հիմա ներկա ենք: Եվ դա արվում է Նիկոլի ձեռքերով: Ես շատ լավ եմ հիշում բոլոր երեք նախագահների ղեկավարման տարիները:

Ինձ թվում էր, որ միակ մարդը, ում ես իսկապես չեմ ընկալել, դա Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Բայց հիմա ես հասկացա եւ զգացի, թե ինչ է իրականում նողկանք ապրելը:

Նիկոլի անհայրենիք տեսակը երբեք չպետք է երկրի ղեկին լինի: Դա անթույլատրելի է: Եվ այդ անհրաժեշտությունը բխում է մեր ազգի շահերից: Պետք է կրկին ոտքի կանգնենք եւ թույլ չտանք, որ մեզ վերացնեն, վերացնելով մեր պետությունը, կրոնը, գիտությունը, կրթությունը եւ մարդկանց ճիշտ որակը: Պետք է վերջ դրվի նիկոլիզմին:

Հարցազրույցը կարող եք կարդալ «Իրավունք» թերթի վաղվա համարում:

Կիսվել նյութով