ՄամուլՇոու-բիզնես

ՊԵԿ-ում շոու բիզնեսի 2 ներկայացուցչի վերաբերյալ քրեական գործ է հարուցված

ՊԵԿ-ում շոու բիզնեսի 2 ներկայացուցչի վերաբերյալ քրեական գործ է հարուցված

Tert.am-ը գրում է․ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարությում քննվում է կատարողական արվեստի բնագավառում գործունեություն իրականացնողների վերաբերյալ թվով 2 քրեական գործ, որոնց մասով նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՊԵԿ-ից: Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը շոուբիզնեսի ներկայացուցիչներից հարկային դաշտ մտնելու հորդորներ սկսել էր անել դեռևս 2018 թ․: 2018 թ. սեպտեմբերին, ՊԵԿ–ը հայտարարել էր, որ Հայաստանում բավական բարձր վարձատրվող երգիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել, հարկեր չեն վճարել, և հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանվել 2018 թ․ սեպտեմբերի վերջը։

2018 թ. դեկտեմբերին, սակայն, ՊԵԿ-ը կրկին հանդես եկավ հարկային դաշտ մտնելու հորդորով:

«ՊԵԿ-ը, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները սեղմ ժամկետներում: Հակառակ դեպքում՝ հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:

Հիշեցնում ենք, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»,-նշված է ՊԵԿ-ի 2018 թ. դեկտեմեբրի 18-ի հաղորդագրության մեջ:

Կիսվել նյութով