Ազատ խոսք

Պարոն Մանուկյան, Դուք սխալ եք հասկացել Հանրային խորհրդի դերը, այն աղավաղել եք Ձեր լռությամբ՝ նախկինների օրոք

Պարոն Մանուկյան, Դուք սխալ եք հասկացել Հանրային խորհրդի դերը, այն աղավաղել եք Ձեր լռությամբ՝ նախկինների օրոք: Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վազգեն Մանուկյանը ասում է՝ «Չկա պետության զարգացման տեսլական, չկան առողջ քաղաքական օրակարգ ու տնտեսական զարգացման իրատեսական ծրագրեր»։

Մանուկյանին հարց ունեմ՝ ի՞նչ եք արել Դուք հեղափոխությունից հետո երկրի համար: Մինչ հեղափոխությունը գիտեինք՝ ոչինչ, բայց չէինք էլ խոսում, քանի որ ողջ պետական համակարգը չէր աշխատում:

Կասե՞ք ինչո՞վ եք նպաստել «պետության զարգացման տեսլականի» ձևավորմանը, «առողջ քաղաքական օրակարգի» հաստատմանը, «տնտեսական իրատեսական ծրագրերի» իրականացմանը: Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս եք, առհասարակ, պատկերացնում Հանրային խորհրդի դերը մեր երկրի զարգացման գործում:

Պարոն Մանուկյան, մինչ այժմ Դուք սխալ եք հասկացել Հանրային խորհրդի դերը: Դուք այն աղավաղել եք Ձեր լռությամբ՝ նախկինների օրոք և շարունակել եք աղավաղել ձեր ոչ իրատեսական հայտարարություններով՝ նոր ժամանակներում: Հեղափոխության հաղթանակից անցել է մեկ տարի և չորս ամիս, երկրի վարչապետը իր բազմաթիվ ելույթներում անդրադարձել է երկրի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներին, ՀԽ-ն երբևէ փորձե՞լ է այդ պատկերացումների շուրջ խոսել հանրության հետ, խոսել, ոչ թե ժամանակ առ ժամանակ թիրախավորել կառավարությանը:

Եվ, ի վերջո, Դուք փորձե՞լ եք հասկանալ՝ հանրությունը ի՞նչ կարծիքի է ՀԽ մասին: Պարոն Մանուկյան, Դուք Ձեր սխալ գործունեությամբ նպաստել եք ՀԽ նկատմամբ հանրային բացասական վերաբերմունքի ձևավորմանը: Ձեր միակ ձեռքբերումը դա է եղել: Եվ այս իրողության պայմաններում դասեր տալ կառավարությանը՝ որպես ՀԽ նախագահ թե ինչ-որ ՀԿ նախագահ, առնվազն ծիծաղելի է»:

Կիսվել էջում