Մամուլ

Պարոնա՛յք նոր իշանության ներկայացուցիչներ, լրջանալու պահն է, դուք այլևս հասարակական ակտիվիստներ չեք. Արտակ Զաքարյան

Իր ֆեյսբուքյան էջում ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն, անդրադառնալով արտաքին քաղաքականության շուրջ ներկա և նախկին իշխանությունների դիտարկումներին, գրել է․

«Մինչեւ կգա արդյունքների ամփոփման իրական ժամանակը

Ասում են, որ տաղանդավոր դիլետանտներից վատ միայն անտաղանդ պրոֆեսիոնալներն են: Այսօր մեր քաղաքական դաշտում այս ասույթը սկսել է աչք ծակել, եւ ամենայն հավանականությամբ, դեռ որոշ ժամանակ տաղանդավոր դիլետանտներն ու անտաղանդ պրոֆեսիոնալները գործ անելու փոխարեն կշարունակեն ժխտել, մերժել, քննադատել, նախկինը սեւացնել ու ինքնագոհ առաջ շարժվել, մինչեւ կգա արդյունքների ամփոփման իրական ժամանակը:

Դատելով արձագանքներից, արտաքին քաղաքականության եւ մի շարք այլ հարցերի շուրջ Վիգեն Սարգսյանի հրապարակային դիտարկումները կարծես ցավոտ մտրակ էր : Այն որակվեց իբրեւ ռեւիզիոնիզմ, ինչը նշանակում է, որ ո՛չ միայն չի հասկացվել հրապարակային խոսքի իմաստը, այլ նաեւ թե ի՞նչ է նշանակում ռեւիզիոնիզմ:

Արտաքին հարաբերությունների հարցերով հյուրախաղերի ժամանած եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի կարճատեւ խորհրդականը հանդիսացած մարդը, ով Հայաստանի արտաքին քաղաքականության հետ գրեթե կապ չունի, որոշել էր իր “պրոֆեսիոնալ” խոսքը ասել, ավելի շատ արդարացնելով ԱՄՆ-ին ու նրա շահերը: Պարոնա՛յք, ԱՄՆ-ը առանց ձեզ էլ հստակ պատկերացնում է, թե ի՞նչ եւ ինչպե՞ս է ցանկանում իրականացնել: Դուք մեր երկրի շահերի համար մտածեք, մեր երկրի անվտանգության ու նրա արտաքին բաղադրիչի մասին մտածեք:

Առնվազն վերջին տաս տարիներին Հայաստանի արտաքին հարաբերություններն այն ոլորտներից մեկն է եղել, որտեղ իրականացված քաղաքականությունը ոչ միայն հարցեր չի առաջացրել, այլ իր տեսակով ու սպեցիֆիկայով ապահովել է Հայաստանի համար լավագույն լուծումներն ու հեռանկարները:

Նախկին խորհրդականը մոռացել է, որ իշխանափոխությունից հետո, ոչ թե նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականությունը փոխվեց, այլ հակառակը՝ նոր իշխանություններն իրենց նախկինում հռչակած արտաքին քաղաքական մոտեցումները փոխեցին, այն հարմարեցնելով նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության կուրսին: Որովհետեւ վարչապետ Փաշինյանը շատ արագ հասկացավ, որ պետության արտաքին քաղաքականությունը պոպուլիզմ չի սիրում, եւ Հայաստանի շահերն էլ պահանջում են անել այն, ինչ արել են նախկին իշխանությունները: Եվ հիմա բոլոր գործընկերներին պետք է կարողանան ապացուցել, որ դրանում անկեղծ են ու հաստատակամ:

Կիսվել նյութով