Մամուլ

«Երազանքներն անբացատրելի կապերով իրականություն դառնալու հակում ունեն…»․ Մխիթար Հայրապետյանը հավատում է Կառլենի երազանքին

Երկու տարի առաջ CivilNet-ը  13-ամյա Կառլենի մասին տեսանյութ էր պատրաստել, որտեղ պատմում էր, թե հազվադեպ հանդիպող Թրիչեր Քոլինզի հիվանդության պատճառով տղան ամեն օր ինչ խնդիրների է բախվում և ինչպես է ավելի հասուն ու բարի ժպիտով Կառլենը հաղթահարում այդ խնդիրները։ Կառլենը պատմել էր նաև իր նվիրական երազանքի մասին․․․ ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, իր ֆեյսբուքյան էջում, այս մասին գրառում է կատարել․

«Ծանոթացե՛ք, իմ ընկեր Կառլենն է…

Երկու տարի առաջ մի երազանքի պատմություն լսեցի: Այն պատմում էր անչափ լուսավոր և ուժեղ մի տղայի մասին, որն իր տարիքի բոլոր երեխաների պես, բայց, միևնույն ժամանակ, բոլորից մի փոքր ավելի անկեղծ ու ավելի յուրօրինակ կերպով խոսում էր իր խնդիրներից, աշխարհից և մարդկանցից: Ասում էր՝ բժիշկներն արգելել են իրեն ֆուտբոլիստ դառնալ, բայց ֆուտբոլ դիտելը, բակում թաքուն խաղալն ու ֆուտբոլը մտքում թաքուն սիրելը արգելել, միևնույն է, չեն կարող: Երազում էր Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպել ու ամենակարևորը՝ հավատում էր իր երազանքին:

Հենց այդ ժամանակ էր, որ ընկերներիս հետ այցելեցինք հազվադեպ հանդիպող Թրիչեր Քոլինզի հիվանդությունն ունեցող 13-ամյա Կառլենին և հրապարակային հայտարարությամբ խնդրեցինք Հենրիխին կատարել տղայի երազանքը: Իսկ երազանքներն անբացատրելի կապերով իրականություն դառնալու հակում ունեն…

Երեկ, երբ այցելեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Աշոտ Բլեյանին խնդրեցի հրավիրել նաև Կառլենին: Պինդ գրկեցինք իրար ու զրուցեցինք… Ես նայում էի նրան և մտածում, որ շատ հաճախ ուրիշի երազանքները դառնում են մերն ու փոխում մեզ, ինչու չէ, նաև մեր աշխարհը: Այս պայծառ տղան մեզ սովորեցնում է չվախենալ երազելուց, որովհետև երբե՛ք, երբե՜ք, երբևէ անհնարին ոչինչ չի լինում…»

Կառլենի մասին ավելի մանրամասն՝ CivilNet

 

Կիսվել էջում