Մամուլ

Պարզվել է Երևանում ողբերգական դեպքի մանրամասները. մոպեդի վրայից վայր ընկած ու վրաերթի հետևանքով մահացածները մայր ու դուստր էին

Պարզվել է Երևանում ողբերգական դեպքի մանրամասները. մոպեդի վրայից վայր ընկած ու վրաերթի հետևանքով մահացածները մայր ու դուստր էին

​Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արամազդ Հարությունյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է մարտի 24-ին Երևանում ողբերգական ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածների, վիրավորի և վարորդների ինքնությունը:

Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Սևակ Մուրադյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել Նորագավիթ 1-ին փողոցի 6/2 հասցեի մոտ, Երևանի բնակիչ, 27-ամյա Ռուզաննա Մարգարյանը բացել է ավտոմեքենայի դուռը, որից հետո Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Էհսան Նուրայինը իր կողմից վարած Honda մակնիշի առանց համարանիշի մոպեդով բախվել է BMW-ի դռանը և կողաշրջվել:

Կողաշրջման հետևանքով Էլ Նուրայինն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 35-ամյա Ռահիլ Նուրայինն ու 3-ամյա Սելենա Նուրայինը վայր են ընկել, ինչից հետո Արարատի մարզի բնակիչ, 63-ամյա Հրաչյա Ասատրյանի կողմից վարած, FAV մակնիշի ավտոբուսի կողմից վրաերթի են ենթարկվել, ինչի հետևանքով Ռ. Նուրայինն ու Ս. Նուրայինը տեղում մահացել են, իսկ Է. Նուրայինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 24-ին, ​ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ​Նորագավիթ 1-ին փողոցում բախվել էին անհայտ մակնիշի մոպեդն ու BMW-ն:

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել էր, ու այդ պահին նշված վայրով անցնող թիվ 456 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի էր ենթարկել Մոպեդի վրա գտնվող 3 հոգու: 2-ը տեղում մահացել էին, մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց:

Կիսվել էջում