Շոու-բիզնես

Պարագլուխը, որն ուղղորդում և ղեկավարում է փողոց դուրս եկած անձանց, անչափ վտանգավոր է. Ռիչարդ Մադլենյան

Պարագլուխը, որն ուղղորդում և ղեկավարում է փողոց դուրս եկած անձանց, անչափ վտանգավոր է. Ռիչարդ Մադլենյան

Armtimes.com-ը գրում է․ Երգիչ-երգահան, բազմաթիվ փոփ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանը չի բացառում, որ փողոց դուրս եկածների մեջ շատ հայրենասեր մարդիկ կան, որոնց համար Արցախի հարցը իսկապես ցավ է, սակայն պարագլուխը, որն ուղղորդում ու ղեկավարում է այդ անձանց, անչափ վտանգավոր է:

«Յուրաքանչյուրն ունի ազատ կամարտահայտվելու, հավաքների մասնակցելու իրավունք: Սակայն այսօր փողոցում են մարդիկ, որոնց սկզբունքներն ինձ համար անընդունելի են:

Պարագլուխներն այն մարդիկ են, որոնք 30 տարի զբաղված են եղել երկիրը քաղաքակիրթ աշխարհից անջատելով՝ ղեկավարվելով թայֆաբազությամբ և գողական արժեհամակարգով»,- նկատում է Մադլենյանը:

Նրա դիտարկմամբ՝ այն, որ մենք 2018 թվականի հեղափոխությունից հետո արդեն ժողովրդավարական երկրում ենք ապրում, փաստ է, եւ այն, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունք՝ իր մտահոգությունները հատնելու, անժխտելի է:

Ըստ նրա՝ փողոց դուրս գալու ճանապարհով փորձ է արվում վերադարձնել տարիներ շարունակ մեր երկրում եղած վախի մթնոլորտը. «Գալի՞ս են հեղափոխություն անելու, թող այնպիսի ուժեր գան, որոնք կապացուցեն, որ այս Կառավարությունից ավելի լավ գործ կանեն, միայն ոչ պրոռուսական: Խնդրում եմ, արդեն զզվել ենք, էլ չենք ուզում: Մենք պետք է շատ խոհեմ գտնվենք»:

miting yerevan

Անդրադառնալով օրեր շարունակ ընդդիմադիրների կողմից «Հայրենիքի փրկություն», «հանուն Արցախի» եւ այլ թեզերի արծարծմանը՝ Ռիչարդ Մադլենյանը շեշտում է. «Մենք պիտի մի բան լավ հասկանանք՝ Ղարաբաղը 30 տարի մեզ մոտ էր, ի՞նչ արեցինք Ղարաբաղի համար:

Բացի նրանից, որ Արցախին ու բանակին փառապանծ երգեր նվիրեցինք, իսկ իրականում ոչինչ չարեցինք այն հզորացնելու համար։ Երգում են բանակի մասին, սակայն սատարում մարդկանց՝ շատ լավ իմանալով, որ այդ մարդիկ տարիներ շարունակ բանակը քոքից թալանել, տարել են»:

Մադլենյանը նաեւ նկատում է՝ եթե մարդկանց այսօր «ծեծում» են «Ֆեյսբուք»-ում կամ այլ տեղ համակարծիք չլինելու համար, ինչպե՞ս կարելի է գնալ այդ մարդկանց հետեւից. «Այլ կարծիք հայտնելու համար մարդ ծեծելով երբեք չեն կարողանա հեղափոխության հասնել»:

Այսօր փողոցում կատարվողը փաստում է, որ մեր երկրում ժողովրդավարությունը հաղթել է, ասում է երգահանը՝ օրինակ բերելով, որ վարչապետի կողքին կանգնած՝ նրան հայհոյում են եւ դրա համար չեն ծեծվում: «Ես զարմացած էի, երբ այդ կադրերն էի նայում:

Դրանից հետո շատ բան փոխվեց ինձ մոտ: Ժամանակի ընթացքում ես այդ անձի՝ վարչապետի մոտ այնպիսի որակական հատկանիշներ բացահայտեցի, որոնք ինձ թույլ են տալիս ասելու, որ կա գիտակցություն և խոր կշռադատվածություն:

Վարչապետը հարցերին փորձում է պատասխանել օրենքի ուժով, այլ ոչ թե տղայական կամ թայֆայական մտածողության ձեւերով, որը միայն հին ռեժիմի արժեհամակարգի մեջ է»,- կարծում է նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում