Մամուլ

«Ուժեղ մարդ էր, որոշել էինք միասին խաշ ուտելու գնալ»․ Ալիկ Սարգսյանը՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին

«Հայկն ուժեղ մարդ էր»։ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը նախկինում աշխատել է այսօր դեռևս անհայտ հանգամանքներում մահացած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ղեկավարությամբ, Sputnik Արմենիայի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ։

Շրջանառող վարկածին, թե ինքնասպանությունը կարող էր կապ ունենալ մարտի 1-ի գործի հետ, որում Հայկ Հարությունյանը վկայի կարգավիճակ ուներ, Ալիկ Սարգսյանը թերահավատորեն է վերաբերում։

«Կարող եմ ասել, որ Հայկ Արտյոմիչը ժողովրդի դեմ նման քայլ անող չէր, որևիցե մեկի վրա զենք բարձրացնող չէր։ Մարդու այդ տեսակն էր։ Ազնիվ էր, իսկական սպա, իր ժողովրդին ծառայելու ձևն էլ գիտեր, իմաստն էլ։ Նա երբեք ծուռ բան չէր անի, սխալ հրահանգ չէր կատարի որևիցե մեկի դեմ, առավելևս ժողովրդի»,– ասաց Սարգսյանը` հիշեցնելով, որ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում ինքը ոստիկանության համակարգում չէր աշխատում, այլ Արարատի մարզպետն էր։ Բայցևայնպես, համոզված է, որ Հայկ Հարությունյանը կամակատար չէր դառնա։

«Նա մարտի 1-ին մասնակցել էր, բայց իր մասնագիտական պարտքի առումով, որ ղեկավարության հրամանը կատարեր։ Բայց հրաման, որ ժողովրդի վրա զենք բարձրացներ, Հայկը չէր անի նման բան, համոզված եմ»,– ասաց նախկին ոստիկանապետը։

Ալիկ Հարությունյանը նշեց, որ տեղյակ չէ, թե Հայկ Հարությունյանը մարտի 1-ի գործում որքանով է ներգրավված եղել։ Բայց, քանի որ այդ ընթացքում ոստիկանության պետն էր, ենթադրում է, որ պետք է ակտիվ մասնակցություն ունենար վարույթին։

«Այդ մասնակցության ընթացքում չեմ կարծում` նա թույլ տար իր անձը վիրավորեին, դա բացառված է։ Հնարավոր է` քննությամբ ինչ–որ փաստարկներ հիմնավորելու խնդիր լիներ, բայց ինքը ուժեղ մարդ էր, թույլ մարդ չէր։ Ես ինքնասպանությունը միշտ կապում եմ թույլերի հետ։ Բայց Հայկը շատ ուժեղ էր։ Չեմ կարծում, որ իր մոտ այնպիսի վիճակ լիներ, որ չկարողանար դիմակայել ու այդ քայլին դիմեր»,– ասաց Սարգսյանը։

Նախկին ոստիկանապետը չբացառեց, որ Հարությունյանը գրություն թողած լինի կամ իր մտահոգությունների մասին ընկերներին պատմած լինի, և հույս հայտնեց, որ քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա։

Ալիկ Սարգսյանը հիշեց նաև, որ վերջին անգամ Հարությունյանին պատահաբար հանդիպել է ամիսներ առաջ։ «Ամառն էր, երևի` մայիս–հունիս ամիսները։ Հանդիպեցինք, խոսեցինք ընդհանուր թեմաներից, գործերից, թե ինչով է զբաղվում։ Ասաց` գյուղում է լինում, Արզնիում։ Պայմանավորվեցինք` եղանակները մի քիչ ցրտեն, հանդիպենք, իրար հետ խաշ ուտելու գնանք։  Իրար հետ նստենք, շփվենք։ Դրանից հետո էլ չենք խոսել։ Ժամանակ չի եղել, առիթ չի եղել։ Ինքն էլ չի զանգել, ես էլ»,– ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, մարտի 1-ի գործում ներգրավված շուրջ 800 վկաների շարքում նշվում էր նաև Հայկ Հարությունյանը անունը։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով