Մամուլ

Ու՞ր է գնում «Ձյունիկ սառնարանում» փչացած հարյուրավոր տոննա մսեղենը

Ու՞ր է գնում «Ձյունիկ սառնարանում» փչացած հարյուրավոր տոննա մսեղենը։ Օգոստոսի 19-ի խոշոր հրդեհի հետևանքով (որը փրկարարներին հաջողվեց մարել միայն օգոստոսի 25-ին) «Ձյունիկ սառնարանում» տոննաներով պահվող մսամթերքն այսօրվանից սկսել են հանել ու տանել Նուբարաշենի աղբավայր, որպեսզի  թափեն և թաղեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ 

Նուբարաշենի աղբանոցում մեծ փոս է փորվել, որտեղ էլ պետք է մսեղենը թաղվի։ Տեղում նաև ախտահանման աշխատանքներ ենք իրականացնում, այսինքն` թե՛ այն տարածքներն ենք ախտահանում, որն ազատվում է, թե՛ մեքենաները, երբ միսը դատարկում են աղբավայր ու հետ վերադառնում»,–ասաց նա։

Ըստ նրա` տոննաներով ծխահարված ու շարքից դուրս եկած ապրանքը պետք է տեղափոխել, հետևաբար` դեռ պարզ չէ, թե քանի օր կտևի տարածքն ազատելու և մաքրելու գործընթացը։ Սակայն մեկ բան պարզ է` առաջիկայում այդտեղ սննդի պահման սառնարանային ծառայություն իրականացնելը դեռևս անհնար է։

«Չեմ կարծում, որ մենք թույլ կտանք, որ այստեղ  առաջիկայում սննդի պահպանման սառնարանային տնտեսություն գործի»,–ասաց Ավետիսյանը։

«Ձյունիկ սառնարան» ընկերության տնօրեն Լևոն Մարգարյանի խոսքով` վարչապետի հանձնարարականով սառնարանում պահվող և օգտագործման համար արդեն ոչ պիտանի մթերքի փոխադրման և ուտիլիզացման  աշխատանքները պետությունն իր վրա կվերցնի։ «Վարչապետի հանձնարարականով նաև հատուկ խումբ է ստեղծվել, որը պետք է շատ արագ` 3 օրվա ընթացքում, ամբողջ մթերքը հանի տարածքից և ուտիլիզացնի, որպեսզի հանկարծ վարակի աղբյուր չդառնա»,–ասաց նա։

Նշենք, որ «Ձյունիկ սառնարան» ընկերությունը նամակով դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի գոնե հետ վերադարձնեն սառնարաններում ոչ պիտանի դարձած ապրանքների ԱԱՀ-ն ու մաքսատուրքը:

Կառավարության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ ընկերության նամակը ստացել են, այժմ քննարկման փուլում է։

Հիշեցնենք, որ այսօր գործարարները մամուլի ասուլիսով էին հանդես եկել` ասելով, որ հարյուրավոր տոննա միս է փչացել ու ոչ ոք չի փոխհատուցելու դրա համար։ «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ տնօրեն Արթուր Անդրեասյանը հայտնել էր, որ իր` ընկերության սառնարանում պահվող 900 տոննա մսամթերքից 600–ը փչացել է։

Ի դեպ, այցելեցինք նաև «Ձյունիկ սառնարան» ընկերություն, սակայն չթույլատրեցին ներս մտնել` փչացած մսամթերքի տեղափոխման աշխատանքները նկարելու համար։ Պարզաբանեցին, որ կառավարությունից են նման «հանձնարարական ստացել»` ոչ մեկին ներս թույլ չտալ նկարելու համար պրոցեսը։ «Ձյունիկ սառնարանի» տարածքին մոտենալիս էլ արդեն իսկ գարշահոտությունն զգացվում էր։

Աղբյուր՝ sputnikarmenia.am

Կիսվել նյութով