Մամուլ

Ոստիկանները գտել են «Գրանդ Քենդի»-ից ավազակությամբ մոտ 15 մլն դրամ հափշտակած կասկածյալներին

Ոստիկանները գտել են «Գրանդ Քենդի»-ից ավազակությամբ մոտ 15 մլն դրամ հափշտակած կասկածյալներին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 18-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառուների արդյունքում հայտնաբերել են դեկտեմբերի 22-ին «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից մոտ 15 մլն դրամ ավազակային հարձակման եղանակով հափշտակություն կատարող  կասկածյալներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն այնուհետև Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա ու դրա շրջանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Արման Ս.-ին և 35-ամյա Հովսեփ Ս.-ին:

Վերջիններս եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Արդեն Երևանի ոստիկանությունից նրանց ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ հարուցված ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով վերջիններս քննիչի որոշմամբ ձերբակալվել են:

talanel

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալները բնակվում են Երևանի նույն թաղամասում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, դեկտեմբերի 22-ին կողոպուտ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին տեղեկությոն էր ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մելքոնյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էր բերվել նաև Պետական պահանության գլխավոր վարչության «Յակիր» շունը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը, ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք դեմքները բժշկական դիմակով փակած մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։

Կիսվել նյութով