Մամուլ

Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են նոր հանգամանքներ

Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են նոր հանգամանքներ։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակում են  ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ. Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաև Ա. Հակոբյանի գլխին հասցված հարվածը պատճառվել են 2003թ. ծնված երիտասարդի կողմից:

Հիշեցնենք, որ  ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր  առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: Վերջիններս ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, որից հետո նկատվել են ոստիկանների կողմից և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Երիտասարդների կողմից առերևույթ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել է գեղեցկության սրահի սեփականատերը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները գողոնը թաքցրել են կամուրջներից մեկի տակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:

Տիգրան Առաքելյան
Կիսվել էջում