Մամուլ

Ողբերգական ավտովթար Մասիս քաղաքում․ Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար Մասիս քաղաքում․ Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 04։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Նվեր Պետրոսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Արարատյան և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհը կապիտալ վերանորոգելու համար տեղադրված արգելապատնեշներին, առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել դեղատան աստիճանների մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը՝ Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Ռոզա Մարգարյանը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով ուղղել են ավտոմեքենան և այնտեղից դուրս բերել վարորդին։

Օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության բժիշկների հերթական խումբը արձանագրել է ուղևորի մահը, իսկ վարորդին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային Քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարությամբ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում