Մամուլ

Ողբերգական ավտովթարից մահացել է Սպիտակում հայտնի ճաշարաններից մեկի սեփականատերը

Ողբերգական ավտովթարից մահացել է Սպիտակում հայտնի ճաշարաններից մեկի սեփականատերը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 40-ամյա Ռոստոմ Մագոյանը իր վարած Toyota Runner մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև բախվել ծառին, առաջ ընթանալով բախվել շինության պատին և  մոտ 2 մետր բարձրությունից ընկել և հայտնվել գետում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Մագոյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Մարմինը փրկարարներն ու ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները մոտեցրել են Սպիտակի շտապօգնության ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, Լոռու մարզի պարեկային ծառայության ավագ տեսուչ  Արման Սուքիասյանը:

shtap ognutyun diak

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քննիչի հանձնարականով ավտոմեքենան պարեկների, ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց և ավտոքարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Ա. Բեժանյանի կարգադրությամբ տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի  պարեկներ Կարեն Պեպանյանը, Նարեկ Ալոյանը, Տարոն Մանասերյանը:

Շնորհիվ պարեկների ճիշտ աշխատանքի՝ երթևեկությունը նշված վայրում չէր խափանվել և հետաքրքրասեր վարորդները  մեքենաները չէին կայանում վթարի վայրում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզում հայտնի ճաշարաններից մեկի սեփականատերն էր և բնութագրվում է դրական ու բազմաթիվ անգամներ օգնության ձեռք է մեկնել սոցիալապես անապահով մարդկանց:

Կիսվել էջում