Ժամանց

«Նրանք կրակում էին, ես գիտակցում էի, թե ինչքան կարևոր դեր եմ ստանձնել՝ պաշտպանել այս զույգին». Կոթիի հարսանիքը՝ գնդակոծության տակ

«Նրանք կրակում էին, ես գիտակցում էի, թե ինչքան կարևոր դեր եմ ստանձնել՝ պաշտպանել այս զույգին»։ Նորապսակները, որոնց հարսանիքն անցնում էր ադրբեջանական ԶՈւ-ի կրակոցների ներքո, Sputnik Արմենիային պատմեցին իրենց հույզերի և ապրումների մասին։ Ինչպես պարզվեց, կրակոցները հարսանիքի համար խոչընդոտ չեն, հատկապես՝ Կոթիում։

Նորապսակներ Արկադի Մանթաշյանի և Մարիամ Հեփինյանի «աստղային ժամը» եկավ, երբ նրանց հարսանիքի օրը` դեկտեմբերի 17–ին, ադրբեջանական ԶՈւ–ն գնդակոծեց ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղը։ Կրակոցները սկսվել են տոնակատարության ամենաթեժ պահին, այդ պատճառով հարսանյաց սրահում գտնվողները դրանց ձայները նույնիսկ չեն լսել։

«Գյուղացիներից մեկը եկավ ու ասաց, որ կրակում են։ Մենք էլ երաժշտության ձայնը բարձրացրինք, որ կրակոցները չլսվեն, ու ծխելու պատճառաբանությամբ դուրս եկանք։ Դրսում արդեն տրամադրությունը տոնական չէր։ Տարբեր տրամաչափի զենքերից էին կրակում, անգամ լուսարձակող փամփուշտներ կային», – պատմեց հարսանիքի քավոր Գևորիկ Սախլյանը։

Կոթիի հարսանիք

Նա նշեց, որ հատկապես ինտենսիվ գնդակոծում էին գյուղի լուսավոր տարածքները, և երբ հյուրերի մի մասն իմացավ տեղի ունեցողի մասին, ստիպված էին վերահսկել, որ նրանք շենքից քիչ դուրս գան։ Մնացած հարսնքավորները կրակոցների մասին իմացան միայն այն ժամանակ, երբ երիտասարդներին արգելեցին տոնական հրավառություն կազմակերպել։ Սախլյանը կատակում է` թե հարսանիքի հրավառությունն ադրբեջանցիներն էին կազմակերպել, իսկ իրենք իրենց ունեցածը կպահեն մինչև Նոր տարի ու այն ժամանակ կօգտագործեն։

«Նրանք կրակում էին, իսկ ես գիտակցում էի, թե ինչքան կարևոր դեր եմ ստանձնել` պաշտպանել այս զույգին ոչ միայն այս պահին, այլև ամբողջ կյանքի ընթացքում։ Շատ սիմվոլիկ էր», – ասում է հարսանիքի քավորը։

Նորապսակները կատակում են, թե կրակոցների շնորհիվ իրենց կյանքի կարևոր օրերից մեկն առավել հիշվող դարձավ։ Դեռ երբեք գյուղը հարսանիքի ժամանակ չէին գնդակոծել։ Հիմա ամբողջ Հայաստանը գիտի, թե ովքեր են ամուսնացել այդ օրը։ Նորափեսա Արկադիին տեղի ունեցողի մասին պատմել են ընկերները, իսկ նա փորձել է ամեն կերպ շեղել հարսին, թեև գիտեր, որ նա վախեցողներից չէ։ Նրանք միասին են մեծացել, համադասարանցիներ են եղել և առաջին անգամը չէ, որ կրակոցներ են տեսնում։ Թեպետ առաջ այդ կրակոցներն այսքան ինտենսիվ չէին։

«Ինչ-որ տարօրինակ բան էր կատարվում։ Անհասկանալի աշխուժություն էր հատկապես ոչ մեր գյուղացի հյուրերի շրջանում, սակայն չէի հասկանում` ինչ է եղել։ Քանի որ մենք չենք վախենում կրակոցներից, մտքովս չանցավ, որ դրսում կրակահերթեր են», – պատմում է նորահարս Մարիամը։

Իր հերթին Արկադին խոստովանում է` պնդում էր, որ հրավառությունն անեն հյուրերին շեղելու համար, սակայն հարսանիքի քավորը չհամոզվեց` նախազգուշացնելով հնարավոր սպառնալիքների մասին։ Փեսան համաձայնեց` նորահարսի համար ինչ-որ անհեթեթ պատրվակ հորինելով։ Մարիամը հավատաց նրան, սակայն մայրը` Ժանետան, ոչ։ Նա իսկական տանտիկնոջ նման ամեն ինչ անձամբ պարզեց ու երբ համոզվեց, որ նորապսակներին ոչինչ չի սպառնում, տոնակատարությունն ավելի շախով շարունակվեց։

Կոթիի հարսանիք

Սկեսուրը համոզված է` հարսի ոտքը խերով էր, քանի որ զույգը հայտնի դարձավ ամուսնական կյանքի առաջին մի քանի ժամվա ընթացքում։ Ասում է` ոչ մի կրակոց ի զորու չէ խաթարել հարսանիքը, քանի որ հարսանյաց սրահում ավելի լավ տրամադրություն և բարձր աղմուկ էր, քան փողոցում։ Սահմանը պահող հայ գյուղացին անսասան է, որքան էլ փորձեն կոտրել։ Նա այնքան ամուր է կառչած իր հողին, որ կպարի հարսանեկան ուրախ քոչարին` անգամ հակառակորդի կրակահերթի ներքո։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով