Մամուլ

Նույնիսկ անլուծելի իրավիճակները հեշտ հաղթահարելի են, երբ մարդն ունի ընտանիքի սերն ու աջակցությունը․ Հովիկ Աբրահամյան

Նույնիսկ անլուծելի իրավիճակները հեշտ հաղթահարելի են, երբ մարդն ունի ընտանիքի սերն ու աջակցությունը։ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, որը մենք 2011 թվականից օրենքի ուժով ամրագրել ենք Հայաստանում և նշում ենք որպես Ընտանիքի օր:

Ընտանիքը բարձրագույն արժեք է, առողջ հասարակության ու ամուր պետության հենքն ու երաշխավորը: Երջանիկ է այն ընտանիքը, որում ազգային ավանդությունների ու ինքնության պահպանմանը զուգահեռ տիրում է իրավահավասարություն, փոխադարձ հարգանք ու փոխըմբռնում:

Անկախ հասարակական հարաբերությունների զարգացման աստիճանից՝ ընտանիքի ամրության գլխավոր նախապայմանը հարգանքն ու փոխզիջումն է. վեճի ամենասուր պահին լռելու ու լսելու կարողությունը, դժվարությունները միակամ հաղթահարելու խիզախությունը, երջանիկ պահերը միասին վայելելու բերկրանքը:

Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Նույնիսկ առերևույթ անլուծելի թվացող իրավիճակները հեշտ հաղթահարելի են, երբ մարդն իր թիկունքում ունի ընտանիքի սերն ու մտերիմների աջակցությունը: Դա ուժ է, որի դեմ անկարող է ցանկացած հողմ:

Հովիկ Աբրահամյան

Ցավոք, այսօր տեսնում ենք նաև այնպիսի երևույթների անթաքույց քարոզ, որոնք հակասության մեջ են մեր հավաքական պատկերացումների հետ և բացասական ազդեցություն են ունենում հասարակության կարևորագույն բջիջի՝ ընտանիքի կայացման գործում:

Փոքր ազգերի համար սա ծանր հետևանքեր ենթադրող խնդիր է: Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջև, որի հաղթահարման ամենագործուն միջոցը, իմ խորին համոզմամբ, ամուր և լիարժեք ընտանիքի գաղափարի փառաբանումն է:

Սեր և ներդաշնակություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, խաղաղություն Հայաստանին և Արցախին:

Աստված բոլորիս պահապան»:

Կիսվել նյութով