Մամուլ

Նոր շտամով պայմանավորված մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի

Նոր շտամով պայմանավորված մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի

Կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամով պայմանավորված՝ մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Վարակը շարունակում է մուտացվել: Հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ:

«Վերջին ենթատեսակը, որի տարածումը սկսվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից, կոչվում է Օմիկրոն: Դրա մուտացման աստիճանը բավականին մեծ է: Ցավոք սրտի, տվյալ վիրուսը 50 մուտացիա է կրում»,- ասաց Ավանեսյանը:

Օմիկրոն

Այն այժմ մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ հասկանալու, թե բացի տարածման ակտիվությունից, նոր գրանցված շտամն այլ ինչ առանձնահատկություններ ունի: ՀՀ առողջապահության նախարարությունը, հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին, նախատեսում է որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել որոշ երկրներից եկող քաղաքացիների համար:

«Նախատեսում ենք մի շարք երկրներից, որոնք ենք Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Բոտսվանայի Հանրապետությունը, Լեսոտոյի Թագավորությունը, Նամիբիայի Հանրապետությունը, Զիմբաբվեի Հանրապետությունը, Մոզամբիկի Հանրապետությունը, Մադագասկարը և Տանզանիան, քաղաքացիների մուտքը Հայաստան ժամանակավոր սահմանափակել»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ բացի սրանից կլինեն որոշակի այլ սահմանափակումներ ևս:

Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի օրական գրանցվող դրական դեպքերի նվազում: Ալիքի նվազման ժամանակ մահերի դեպքերի նվազումը սովորաբար տեղի է ունենում 2-3 շաբաթ անց: Նախարարության գնահատականներով՝ առաջիկայում կլինի նաև գրանցվող մահվան դեպքերի նվազում:

Կիսվել նյութով