Մամուլ

Նոր նախագիծ. վարորդներին կտուգանեն 300-500 հազար դրամով անսարք կամ առանց կատալիզատորի մեքենա վարելու համար

Նոր նախագիծ. վարորդներին կտուգանեն 300-500 հազար դրամով անսարք կամ առանց կատալիզատորի մեքենա վարելու համար

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է տուգանել վարորդներին՝ առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա վարելու համար: Նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft-ում:

Նախագծով առաջարկվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոմեքենաների շահագործումը առանց կատալիտիկ չեզոքացուցիչների առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով (300 հազար դրամ), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 500-ապատիկի չափով (500 հազար դրամ):

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին` վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանք 600-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 1000-ապատիկի չափով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում ավտոմեքենաների սեփականատերերն ապամոնտաժում և վաճառում են կատալիտիկ չեզոքացուցիչները։ Պատճառը դրանց մեծ գինն է, քանի որ կատալիտիկ չեզոքացուցիչի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում:

Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանի Հանրապետությունում։

Տուգանքի չափը պայմանավորված է ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական գներով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց միջին գինը հասնում է 300.000 դրամի։ Հանդիպում են նաև ավելի մեծ արժեք ունեցող չեզոքացուցիչներ, որը պայմանավորված է դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։

Հետևաբար, նախատեսվող տուգանքի չափը չպետք է փոքր լինի քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցիչի ապամոնտաժման և իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից։

Այս օրինագծի ընդունման արդյունքում կսահմանվի պատասխանատվության համապատասխան մեխանիզմ, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների չեզոքացման համակարգի ապամոնտաժման և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։

Կիսվել նյութով