Մամուլ

Նիկոլ Փաշինյանը դատապարտում էր մամուլը վերահսկելու փորձերը, հիմա իր իշխանության օրոք է նույնն արվում․ Սաթիկ Սեյրանյան

Նիկոլ Փաշինյանը դատապարտում էր մամուլը վերահսկելու փորձերը, հիմա իր իշխանության օրոք է նույնն արվում:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժելու դեպքը դիտարկում եմ մամուլի շուրջ վերջին ժամանակահատվածում կատարվող իրադարձությունների շրջանակում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

«Ես չեմ կարող այս դեպքն առանձնացնել, այլ նայում եմ այս ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերի շրջանակում, այն ինչ տեղի է ունենում մամուլի շուրջ, մամուլի աշխատողների նկատմամբ։ Աղաղակող դեպքերից կարող ենք հիշել Yerevan.today-ում խուզարկությունը, աշխատանքի խափանումը եւ այն, որ տեխնիկան ամիսներ շարունակ չէր վերադարձվում, դրանից հետո կարող ենք հիշատակել «Հայելի» ակումբի դեպքը, հիմա էլ «Ժողովուրդ» օրաթերթինը, չեմ կարող ասել ինչով է պայմանավորված, որովհետեւ այս երեք դեպքերում էլ պատասխան չունեցանք, թե ինչ հայտնաբերեցին Yerevan.today-ի համակարգիչներում, ինչ էին ուզում հասկացնել «Հայելուն», չգիտեմ ինչպես կզարգանան դեպքերը նաեւ այս պարագայում։

Բայց նորից եմ ասում՝ ես սա դիտարկում եմ այն ամբողջ գործողությունների շրջանակում, այն ամբողջ կոչերի, հայտարարությունների շրջանակում, որ արվում են մամուլի աշխատողների հասցեին, սեւեր-սպիտակներ, մերոնքական-ձերոնքական, ֆեյք-իրական, այս բոլոր որակավորումների շրջանակներում բոլոր պաշտոնյաների կողմից, վարչապետից սկսած դասեր են տալիս, հաթաթներ են տալիս մամուլին, այն անդրադառնում է մամուլի աշխատողի վրա՝ պատասխանատվության, հոգեբանության վրա։

Նման դեպքերը կարող են շատանալ։ Չգիտեմ՝ ինչ են ուզում հասկացնել սրանով, գործի քննությունը ցույց կտա։ Հույս ունեմ, որ կբացահայտվի եւ մամուլի աշխատողները կհասկանան, որ մեկի դեմ կատարվածը ուղղված է ամբողջ դաշտին եւ բոլորս պետք է զգոն լինենք»,-ասաց նա։

Թե ինչու նշյալ դեպքերը չբացահայտվեցին, Սաթիկ Սեյրանյանը կարծիք հայտնեց, որ իշխանության կողմից խրախուսվում է  այդ դեպքերը․ «Միգուեցե ինչ-որ մարդիկ փորձում են լավամարդ լինել, իրենց նվիրվածությունն ապացուցել դրանով կոնկրետ «Հայելիի» դեպքում, բայց անկախացումից հետո ամեն իշխանություն փորձում է վերահսկել մամուլը, սակայն խնդիրն այն է, որ մեր գործընկերը, որ շատ սուր դատապարտում էր այդ ամենը, հիմա նույն բաները իր իշխանության օրոք են կատարվում։ Ուզո՞ւմ եք ասել, Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել, որ Yerevan.today- ից համակարգիչ տանել եւ  անխատանքը խափանել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի խմբագրություն, տակնուվրա են արել, սակայն արժեքավոր իրեր չեն տարել:

Աղբյուր՝ news.am

Կիսվել էջում