Մամուլ

Ներոնի սիրտը կանգ է առել․ կինը զգացել է ամուսնու մահը

Արցախում սեպտեմբերյան վերջին իրադարձությունների ժամանակ քիչ չէին դեպքերը, երբ պատերազմ անցած, շրջափակումներ ճեղքած ու հրաշքով փրկված տղաների կյանքի թելը կտրվեց սեպտեմբերի 25-ին՝ Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի ժամանակ։

Նրանցից մեկը՝ Ներոն Մելքոնյանն է։ 36-ամյա ավագ լեյտենանտը վերադարձել էր դիրքերից և պետք էր հաջորդ օրը գնար զորամաս։ Բայց քանի որ թշնամական զորքը գտնվում էր Ստեփանակերտի մերձակայքում, զենք հանձնել չկար։ Կինը՝ Թամարան, MediaHub-ին պատմում է, որ սեպտեմբերի 21-ից նա ևս գիշերը հերթապահություն էր իրականացնում Կրկժան թաղամասում և քաղաքի արվարձաններում։

«Սպեցնազի» տղաները, այդ թվում և ամուսինս օրեր շարունակ գիշերը տուն չեն եկել։ Ես ասում էի Ներոնին, որ առանց այն էլ հրաշքով ես փրկվել, անհանգիստ է սիրտս, ինձ անընդհատ թվում է քեզ ինչ որ բան է պատահելու։ Նա ասում էր՝ «հանգիստ եղիր, ես թուրքի ձեռքով չեմ գնա, դա լավ իմացիր, վտանգն արդեն անցել է, քաղաքի վերևի հատվածում ենք, լուսաբացին կգամ»: Երևի կհիշեք, որ այդ օրերին հաճախ էին կրակում քաղաքի վրա, Ներոնն ու իր զինակիցները կանխել են նրանց ներթափանցումը»,- պատմում է կինը։

Մարտական ընկերները պատմում են, որ Ներոն Մելքոնյանը որպես զինվորական մասնակցել է քառօրյա և 44-օրյա մարտերին։ 2020 թվականին զորքի հետ մարտ է վարել Ջաբրայիլում՝ Արաքս գետի երկայնքով, Հադրութի «Թութակներ» տեղամասում, հայտնվել շրջափակման մեջ, հետո՝ ոտքով հասել Թաղավարդ, մասնակցել Շեխերի ինքնապաշտպանությանը, որից հետո՝ Ամարասի վանական համալիրի հետ գրավման օպերացիային։ Իսկ 2023-ին որպես հատուկ ջոկատային մասնակցել է Ստեփանակերտի պաշտպանության մարտերին։

Ներոնն ու Թամարան Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղից են։ Այնտեղ էլ իրար հավանել ու ամուսնացել են։ 44-օրյա պատերազմից հետո երբ Սարգսաշենն անցել է թշնամու վերահսկողության տակ, երիտասարդ ընտանիքը շարունակել է կյանքը Ստեփանակերտում։ Թամարան ափսոսում է, որ Ներոնից ջերմ հուշերից բացի ոչինչ չմնաց՝ «13 տարվա ամուսիններ էինք, երեխա չունեցանք»։

Սեպտեմբերի 25-ին Ներոնը տուն էր վերադարձել, վերջնականապես կայացնելու Արցախից դուրս գալու ծանր որոշումը։ «Ընկերներից մեկը զանգեց, ասաց բենզալցակայանները չեն աշխատում, բայց ես գիտեմ այդպիսի տեղ, որ տրամադրում են, գնանք մենք էլ վերցնենք։

Դուք չեք պատկերացնի իմ վիճակը, այնպիսի տրամադրություն ունեի, ինձանից անկախ ձեռքը բռնեցի, ասացի՝ «Ներոն դու մի՛ գնա, սիրտս ահավոր ցավում է», զարմացել էր, ասում էր՝ «հիմա էլ պատերազմ չի, ի՞նչի համար ես այդպես վախեցած», ես ասացի՝ «քեզ կորցնելուց եմ վախենում, անհանգիստ եմ», ինքն էլ ասաց, որ «վառելիքի խնդիր ունենք, բերեմ, որ դուրս գանք»։

Մոտ 10 րոպե անց դուռը ծեծեց, բացեցի տեսա նորից ինքն է, ժպիտը դեմքին ու նաև ծիծաղում էր իմ վիճակի վրա։ Տվեց մի հեռախոս, ասաց՝ «այստեղ մեր նկարների արխիվն է, էս հեռախոսը դիր պայուսակիդ մեջ», ասացի՝ «լավ», ինքն էլ ասաց՝ «աչքիս առաջ դիր, որ իմանամ՝ արխիվս պահպանվել է, վախենում եմ մոռանաս թողես տանը»,- հիշում է կինը։

Որոշ ժամանակ անց Թամարայի սկեսրայրը, որ արդեն լսել էր կատարվածի մասին, գունատված ու անտրամադիր գալիս է տուն։ «Ասացի՝ «ի՞նչ է պատահել», ասաց՝ «վատ, շատ վատ բան է եղել, որտեղ Ներոնը եղել է, այնտեղ պայթյուն է եղել, հիմա էլ ուժեղ հրդեհ է», ասում են՝ «շատ մարդ է զոհվել»»։ Ես առանց ժամանակ կորցնելու գնացի հիվանդանոց, այնտեղ վատացա, որպեսզի չխանգարեի բժիշկների աշխատանքին, դուրս եկա, որոնումները շարունակեց քույրս։ Այդ ընթացքում Ներոնը զանգում է փոքր եղբորը՝ Նորիկին, ասում, որ ինքը ևս վառվել է ու ռուսների բուժկետում է։ Ինձ բոլորը հույս էին տալիս, որ ամեն ինչ լավ կլինի, մի հուսահատվիր, բայց ես զգում էի․․․»։

Սեպտեմբերի 26-ին այրվածքներ ստացած քաղաքացիներին տեղափոխելու նպատակով ՀՀ-ից ուղղաթիռներ են գալիս Ստեփանակերտ։ Ներոնը, որի ապրելու հավանականությունը մեծ էր, սիրտը կանգ է առնում Արցախի երկնքում։

«Սիրտը ստենդավորված է եղել, գուցե բարձրություն չէր կարելի, գուցե դա էր պատճառը, չգիտեմ»,- արտասվում է մեր զրուցակիցը։

Ներոնին Հայաստան ուղարկելուց հետո Թամարայի ընտանիքը նույն օրը բռնում է գաղթի ճամփան` չիմանալով թե ինչ է սպասվում։ «Գորիսում խելագարի պես այս ու այն կողմ էի գնում։ Բոլորս վատ էինք։ Սկեսուրս փորձում էր հանգստացնել, երբ Գորիսի քաղաքապետը մոտեցավ մեզ, հանգստացերեց, որ ամեն բան լավ կլինի։ Գնացինք ցուցակները նայելու, տեսնենք, թե Երևանի ո՞ր հիվանդանոց են տարել, տեսա թղթի վրա գրված անուն-ազգանունները, որից միայն «Ներոն Մելքոնյան» անուն ազգանվան դիմաց գրիչով սև կետ էր արված․ մահացել էր»։

Ավագ լեյտենանտ Ներոն Մելքոնյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Թամարան կարոտն առնում է այն նկարներից ու տեսանյութերից, որ ամուսինն ինքնաբերաբար փոխանցել էր կնոջը, որ լավ պահի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում