Մամուլ

Նախիջևանն Իրանի համար շատ զգայուն կետ է. Թուրքիայի հայտարարությունները կարող են անհետևանք չմնալ

Նախիջևանն Իրանի համար շատ զգայուն կետ է. Թուրքիայի հայտարարությունները կարող են անհետևանք չմնալ

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

Արցախյան հակամարտության հարցում Իրանն իր պաշտոնական՝ հավասարակշռված ու չեզոք դիրքորոշումը չի փոխել։ Բացի դրանից, իրանական պաշտոնական մարմինները հայտարարում են, որ իրենց համար կարևոր է իրենց երկրի հյուսիսային սահմանի անվտանգությունը։ Դա իրենից ենթադրում է ստատուս քվոյի պահպանում՝ սահմաններում անվտանգություն և խաղաղություն։

«Իրանին ձեռք է տալիս ներկայիս վիճակը, իսկ ներկայիս վիճակը և Իրանի չեզոք դիրքորոշումն ինչ-որ չափով նաև հայամետ են։ Ստատուս քվոյի պահպանումը ձեռք է տալիս նաև հայկական կողմին»,- ասաց իրանագետը։  Բացի պաշտոնական դիրքորոշումից, Իրանում կան նաև տարբեր շերտեր՝ փորձագիտավերլուծական դաշտ, ԶԼՄ-ներ և այլն։ Խոսելով հատկապես ԶԼՄ-ներում տավուշյան իրադարձությունների արձագանքի մասին՝ իրանագետն ասաց՝ առաջին օրերին տպավորություն էր, թե միայն ներկայացվում է ադրբեջանական տեղեկատվությունը, բայց հետագայում ամեն ինչ տեղն ընկավ։

«Այնուհետև իրանական լրատվական դաշտում սկսեցին իշխել հայամետ դիրքորոշումները, ու ներկայացվում էր հայամետ լրատվություն, դա նաև շնորհիվ հայ իրանագետների։ Կային նաև իրանցի փորձագետներ ու վերլուծաբաններ, որոնք հանդես եկան հոդվածներով՝ շեշտելով հակամարտությունը դիվանագիտական ու խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Օրինակ՝ իրանցի վերլուծաբան Սալար Սեյֆոդդինի հոդվածներից մեկում, որը լույս էր տեսել Իրանի պաշտոնական տեսակետները ներկայացնող «Շարղ» օրաթերթում, ու որը թարգմանաբար տարածվել էր նաև Հայաստանում, հոդվածագիրը ներկայացնում էր, որ ամեն ինչը սկսվեց ավելի վաղ, երբ սկսվեց երկուստեք հռետորաբանական ոճը, միմյանց մեղադրելը։

Հետագայում Ալիևը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ընդհանրապես ի վիճակի չէ որևէ հարց լուծելու, հայտարարեց, որ Երևանը ադրբեջանական քաղաք է և այլն։ Այս ամեն ինչը համադրելով՝ իրանցի վերլուծաբանն ավելացնում էր, որ բնականաբար, եթե նման արտահայտություններ է անում երկրի ղեկավարը, դա նշանակում է, որ  վերջինս հրաժարվում է բանակցային սեղանից։

Հոդվածում նաև նշում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հավասարակշռված դիրքորոշում ունի այս հակամարտության վերաբերյալ, ինչը հանգեցրել է երկու կողմերում էլ Իրանի հանդեպ վստահության աճի։ Իրանը Թուրքիայի նման միակողմանի մոտեցում չունի, այլ խաղաղ ճանապարհով խնդրի լուծման կողմնակից է և պաշտոնապես հայտարարել է հակամարտության բանակցային և առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության կարգավորման տարբերակի մասին։

Այսպիսով, Թեհրանը կարող է դիվանագիտական նախաձեռնողականության և միջնորդական առաքելության միջոցով գոնե կարճաժամկետ կտրվածքով խոչընդոտել պատերազմի շարունակմանը։ Ըստ փորձագետի՝ ռազմական ճանապարհը Բաքվի համար արդյունավետ չէ։ Ո՛չ 2016 թ.-ի ապրիլյան, ոչ էլ 2019թ.-ի օգոստոսյան ռազմական սրացումները չեն նպաստել հարցի լուծման օժանդակմանը և Բաքվի համար բացառապես զրոյական օգուտ են ունեցել։ Սա ակնհայտ հայամետ դիրքորոշում էր»,- ներկայացրեց իրանագետը։

Վարդանյանի խոսքով՝ Իրանի դիրքորոշումը տավուշյան դեպքերի վերաբերյալ ավելի հայամետ դարձավ այն ժամանակ, երբ գործընթացում հայտնվեց Թուրքիան՝ իր ակնհայտ սպառնալից հայտարարություններով։

«Երևի միայն թուրք գյուղապետերը հայտարարություններով հանդես չեկան։ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության այդ հայտարարությունները չեն բխում Իրանի շահերից։ Նախիջևանն Իրանի համար շատ զգայուն կետ է։ Թուրքիայի ակտիվությունն այս հատվածներում բավականին լուրջ է։

Իրանի համար Թուրքիայի նման հայտարարություններն այնպիսի մի սահման են, որից այն կողմ միայն հայտարարություններով կարող են հանդես չգալ, այլ լուրջ միջոցների դիմել։ Եվ այստեղ եղան տարբեր կոշտ հայտարարություններ, ընդհուպ մինչև Իրանի իսլամական հեղափոխականների պահապանների կորպուսի տելեգրամյան  ալիքի սպառնալից հայտարարությունը՝ ուղղված ադրբեջանական կողմին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում