Մամուլ

Նախագահը վարչապետին և ընդդիմադիրներին հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում

Նախագահը վարչապետին և ընդդիմադիրներին հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում

Վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին ժամը 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի եւ անդառնալի հետեւանքներ ունենալ մեր պետության եւ պետականության համար:

Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաեւ հրատապ եւ համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական եւ օրենսդրական:

Թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն, բացակայում են փոխըմբռնումը եւ միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը: Ավելին, հաճախակի են դարձել անհանդուրժողականության կոչերը:

Ստեղծված պայմաններում իմ միակ նպատակը եղել եւ մնում է երկիրը ցնցումներից զերծ պահելը եւ կանխելն այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:

Արմեն Սարգսյան

Պետության եւ ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլեւս անհետաձգելի եւ հրամայական պահանջ է:

Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու եւ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում:

Վերահաստատում եմ համոզմունքս, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, իսկ Հայաստանի եւ Արցախի զարգացման միակ ճանապարհը՝ բոլորիս եւ յուրաքանչյուրիս ջանքերի ու հնարավորությունների համախմբումը:

Հ.Գ. Հանրապետության նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչեւ ս/թ մարտի 11-ի ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ»։

Կիսվել էջում