Մամուլ

«ՅՈՒՔՈՄ»-ի բաժնետոմսերը կգրավադրվեն

«ՅՈՒՔՈՄ»-ի բաժնետոմսերը կգրավադրվեն

Factor.am-ը գրում է․ «ՅՈՒՔՈՄ»-ի բաժնետոմսերը կգրավադրվեն «ՅՈՒՔՈՄ»-ի բաժնետոմսերի 78 %-ը կգրավադրվի։

Նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունը հոկտեմբերի 3-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ է ներկայացրել, որի համաձայն «Այու Թելեքոմյունիքեյթիդ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերը գրավադրվելու են «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության օգտին։

Գրավադրվում են Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն Խաչատրյանին պատկանող 11,9 %, Արտյոմ Խաչատրյանին պատկանող 11,9 %, Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին պատկանող 24 % բաժնետոմսերը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ նույն խնդրանքով, սակայն հանձնաժողովը մերժել էր դիմումը։ Որպես մերժման հիմք ներկայացվում էր այն, որ գործարքին ազգային անվտանգությանը կամ պետական շահերին վնասելու տեսանկյունից գնահատող իրավասու մարմնի կողմից տրվել է բացասական դիրքորոշում:

Այժմ, սակայն, ՀԾԿՀ որոշման մեջ նշվում է, որ հայտի առնչությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը Ընկերության շուրջ 78 % բաժնետոմսերը «Արդշինբանկ»-ում գրավադրելու միջնորդության առնչությամբ առարկություններ չունեն։

Այսպիսով՝ մերժման հիմքերը բացակայում են: Հանձնաժողովը որոշել է համաձայնություն տալ գործարքի կնքմանը:

Իսկ ի՞նչ գումարի դիմաց է ընկերության բաժնետոմսերը գրավադրվում, որոշման մեջ չի նշվում։ Գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում ընկերությունը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել համապատասխան պայմանագրի պատճենը:

Կիսվել էջում