Մամուլ

Մովսես Հակոբյանի պատասխանը՝ Սասուն Միքայելյանին

Մովսես Հակոբյանի պատասխանը՝ Սասուն Միքայելյանին

Hraparak.am-ը գրում է․ Հունվարի 28-ին՝ բանակի օրը, իր արած այն հայտարարությունը, թե Վազգեն Սարգսյանից հետո բանակ չենք ունեցել, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը բացատրեց հետևյալ կերպ, որ նկատի է ունեցել, թե ռազմաքաղաքական ղեկավարություն չենք ունեցել, իսկ եթե ռազմաքաղաքական ղեկավարությունը կոռուպցիայով է զբաղված, եթե բանակում կոռուպցիա է մտել, ուրեմն բանակ գոյություն չունի․

«Բանակ չենք ունեցել ինչի համար․ խոսքս չի վերաբերում էն մարտիկներին, զինվորներին, ռազմաքաղաքական էլիտային ա խոսքս վերաբերում։ Ինչի համար եմ ասել սա, որովհետև երբ բանակում կաշառք ա մտնում, էդ բանակը չկա, ու էն մարդիկ են արձագանքել, ովքեր հիմնականում բանակում թալան են արել։

Ուզում եմ անդրադառնամ Մովսես Հակոբյանին, ես միշտ խուսափել եմ իմ մարտական ընկերների մասին ինչ-որ բան խոսալ, բայց էդ լպիրշ արտահայտությունը, որ Սասուն Միքայելյանը բանակից հասկանում ա այնքան, ինչքան ես գինեկոլոգիայից։

Եթե ուզում ես հիմա գինեկելոգիայով զբաղվես, խորացի, լավ խորացի այդ մասնագիտության մեջ, կարող ա ավելի լավ ստացվի քո մոտ, իսկ ինչ վերաբերում ա բանակին, ես քո ռազմական գիտելիքների վրա չեմ կասկածում, որովհետև դու ռազմական կրթություն ես ստացել։

Հարցը նրանում ա, որ բանակը թալանվել ա, բոլորիս էլ հայտնի ա, թե էդ բանակի վերնախավը, գեներալիտետը ինչով ա զբաղվել այս տարիների ընթացքում։ Ես դրա համար եմ ասել, որ բանակ չենք ունեցել»,- ասաց Սասուն Միքայելյանը։ 

Զինված ուժերի նախկին պետ Մովսես Հակոբյանի խնդրեցինք անդրադառնալ Միքայելյանի այս հայտարարությանը․ իրապե՞ս ռազմաքաղաքական ղեկավարություն չենք ունեցել, իրո՞ք կոռուպցիայով են զբաղվել․

«Սասուն Միքայելյանի վերաբերյալ իմ ասելիքս ասել եմ, ավելացնելու ոչ մի բան չունեմ։ Ես իրավաբանության շատ լավ մասնագետ չեմ, որպեսզի գնահատական տամ, թե Սասուն Միքայելյանի գնահատականը ճի՞շտ է, թե՞ չէ, դա կարող է մեկնաբանել դատախազությունը»,- ասաց Հակոբյանը։ 

Գեներալ Հակոբյանին հարցրինք նաև, թե ինքը շարունակու՞մ է պնդել, որ Սասուն Միքայելյանը բանակից այնքան է հասկանում, ինչքան ինքը գինեկոլոգիայից՝ նկատի ունենալով, որ Միքայելյանը այդ հայտարարությունից շատ էր վրդովվել, Հակոբյանը պատասխանեց․․

«Ես մի բանը մի անգամ եմ ասում, չհասկացողների համար չեմ կրկնում»։

Կիսվել նյութով