Մամուլ

Մյասնիկյան պողոտայում Chevrolet-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինս մահացել է

Մյասնիկյան պողոտայում Chevrolet-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինս մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20․10-ի սահմաններում Chevrolet մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին, ապա բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։

Վարորդը զանգահարել է նաև Ոստիկանություն և կատարվածի մասին տեղեկություն հայտնել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկները՝ Արտյոմ Չոբանյանն ու Նաիրի Ստեփանյանը։

Մինչ դեպքի վայրում պարեկները ուժեղացված ծառայություն էին իրականացնում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը, հիվանդանոցի ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։

vraert myasnikyan

Վրաերթի մասին տեղեկությունը Պարեկային ծառայության Երևանի գնդից փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։   Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Կիսվել նյութով