Մամուլ

«Մինչ օրս ոտք չեմ դրել իմ տուն. մինչև ամեն բան չպարզվի, ոտքը գյուղից դուրս չի դնի»

«Մինչ օրս ոտք չեմ դրել իմ տուն. մինչև ամեն բան չպարզվի, ոտքը գյուղից դուրս չի դնի»

Armtimes.com-ը գրում է․ Կրկին 2 ամսով երկարացվել են Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքի ժամկետները։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը, մեր զրույցում ասում է՝ նախաքննության այս փուլում գործի ընթացքի ու ձեռք բերված ապացույցների մասին խոսել չի կարող, քանի որ իրեն շատ բան էլ հայտնի չէ։

Ըստ նրա, սակայն, Արկադի Բարսեղյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

«Մինչև հիմա էլ հերքում է Արկադին, բայց որ կալանավորված է, ուրեմն մի բան կա, չէ՞։ Ես հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Անմեղության կանխավարկած կա, քննությունը կասի ամեն բան»,- ասում է Սևակը։

Մեր տեղեկություններով՝ քննության հիմնական վարկածը, որն ընկած է նաև մեղադրանքի հիմքում, այլ հանցագործության՝ կողոպուտի հետքերը թաքցնել է։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 155-րդ (Սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (Ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։

Իսկ Արկադի Բարսեղյանին՝ 155-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի (Ավազակություն) 3-րդ մասի 2-րդ կետով:

Ընտանիքի հոր՝ Սևակի խոսքով՝ մեղադրյալների ընտանիքները դեպքից հետո գյուղ չեն վերադարձել։

Սպանության լուրն իմացած և Պեմզաշեն արտագնա աշխատանքից վերադարձած Մելիքսեթյանը մինչ օրս իր տուն ոտք չի դրել. այն դեռ դեպքի վայր է համարվում։

Հարցին՝ կմեկնի՞ Հայաստանից, թե՞ ոչ, ասում է՝ մինչև ամեն բան չպարզվի, ոտքը գյուղից դուրս չի դնի։

Կիսվել նյութով